Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի հարազատները պետության աջակցությամբ դիզվառելիք են գնել


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի Մխչյան գյուղում նրա հարազատները օգտվել են կառավարության աջակցությամբ գյուղացիներին տրամադրվող մատչելի դիզվառելիքի ծրագրից:

Երեքշաբթի ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացրեց տեսչության անցկացրած ստուգումները մի քանի ռիսկային ոլորտներում։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ կառավարության աջակցությամբ տրամադրվող մատչելի դիզելային վառելիք ձեռք բերելու ծրագրի իրականացման ընթացքում մեծ թվով խախտումներ են արձանագրվել:

Հովիկ Աբրահամյանի հարազատների կողմից դիզվառելիք ձեռք բերելու փաստը խախտում չի համարվում: Ղարիբյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է մարզերի բոլոր բնակիչների համար, որոնց թվում են նաեւ Աբրահամյանի հարազատները:

«Կառավարության որոշմամբ նման սահմանափակում չկա, եւ յուրաքանչյուր հարուստ կարող է եւ օգտվել է։ Սահմանափակում է եղել, ըստ որի հարուստները կարող էին օգտվել մինչեւ 30-ից 40 տոննայի չափով, իսկ այն գյուղացիները, որոնց հնարավորությունները ավելի սահմանափակ են, միջինը 500 տոննա են ստացել», – ասաց Ղարիբյանը:

Ստուգումների արդյունքում ամենաշատ խախտումները արձանագրվել են Արարատի մարզում. միայն այստեղից պետությանը 83 միլիոն դրամի վնաս է պատճառվել: Արարատի մարզում գտնվող Մխչյան գյուղում, որտեղ էլ բնակվում են Հովիկ Աբրահամյանի հարազատները, խախտումներ չեն արձանագրվել, քանի որ այստեղ ստուգումներ ընդհանրապես չեն եղել: Ղարիբյանի կողմից ներկայացված թվերի համաձայն՝ Մխչյանին հատկացված դիզվառելիքի մոտ 65 տոկոսը ձեռք են բերել հենց Աբրահամյանի հարազատները: 35 հազար լիտր դիզվառելիք գնած Հենրիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է, իսկ 12 900 լիտր դիզվառելիք գնած Հովհաննես Աբրահամյան՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:

«Պարոն Աբրահամյանի եղբայրը եւ նրա հետ կապված անձինք կարող էին դիզվառելիք ստանալ, որովհետեւ համայնքի բնակիչ էին», – ասում է Ղարիբյանը՝ հավելելով, որ Աբրահամյանների ընտանիքից չեն ճշտել թե արդյոք ստացել են դիզվառելիքը, քանի որ «անհարմար է»:

Մի շարք համայնքներում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ որոշ գյուղերում մատչելի գներով դիզելային վառելիք է տրամադրվել մի խումբ գյուղացիների, ովքեր անգամ տեղյակ չեն եղել այդ մասին: Միայն Արարատի մարզում ուսումնասիրված 26 համայնքների մեծ մասում գյուղացիներին ավելի պակաս վառելիք է տրամադրվել, քան ցուցակներում էր գրված:

Ղարիբյանը ներկայացրեց նաեւ առողջապահության ոլորտում արձանագրված խախտումները: Պարզվում է, որ արդեն երկար տարիներ պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժման մեջ է մտնում նաեւ հիվանդանոցի կողմից բուժվողին տրամադրվող սննդի ծախսը, մինչդեռ ամբողջ հանրապետությունում միայն երեք հիվանդանոց է սնունդ տրամադրել:

Վիճակը նույնն է նաեւ քաղաքաշինության ոլորտում: Ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավարի խոսքով՝ արձանագրված խախտումների մասով արդեն հարուցվել են եւ կհարուցվեն քրեական գործեր։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ովքե՞ր են պատասխանատվություն կրելու արձանագրված խախտումների համար, Ղարիբյանը պատասխանեց՝ շարքային աշխատողներից մինչեւ նախարարներ եւ մարզպետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG