Մատչելիության հղումներ

ԱԺ խոսնակը «համակարգված թալան» չի տեսնում


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջարկեց Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր չարաշահումները ուղարկել Գլխավոր դատախազություն:

Աբրահամյանն անցած շաբաթ շատ կոշտ գնահատական էր տվել ՎՊ-ի վերհանած չարաշահումներին եւ վարչապետից պահանջել էր աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր թալանում, իր ձեւակերպմամբ` «լափում են» բյուջեն:

Այսօր, մինչդեռ, նա հայտարարեց, որ համամիտ չէ, թե երկրում «համակարգված թալան» է տեղի ունենում. - «Այս ամբիոնից հնչեցնել անհիմն մեղադրանքներ չարաշահումների, թալանի նկատմամբ եւ հանրության մոտ ստեղծել մի կարծիք, որ համակարգված թալան է, ես դեմ եմ եւ քննադատում են նման մարդկանց: Եվ հորդորում եմ Ազգային ժողովի ամբիոնը չօգտագործել հանրությանը թյուրիմացության մեջ գցելու [նպատակով], այլ իրական պատկերը ներկայացրել»:

Այնուհետեւ Աբրահամյանը ուշագրավ բացատրություն տվեց, թե ինչու էր զարմացել` լսելով ՎՊ-ի բացահայտած բազմաթիվ չարաշահումների մասին. - «Ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ Հանրապետական կուսակցության ղեկավարը` Հանրապետության նախագահը որեւէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում եւ դրանից հետո չունի որեւէ պայման, որ իրենք պետք է գնան այդ պաշտոնը ստանձնեն եւ զբաղվեն չարաշահումներով, թալաններով կամ այլ յուրացումներով: Եվ դրա համար մենք զարմանում ենք: Ես զարմանում եմ, որովհետեւ մենք նման պայմանավորվածություն չունենք որեւէ մեկի հետ` որեւէ նախարարի, որեւէ մարզպետի, որ իրենք պետք է լինեն այդ պաշտոնում եւ զբաղվեն չարաշահումներով»:

Հիշեցնենք, որ ՎՊ-ի բացահայտումներին ամենաակտիվ արձագանքողները Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով այդ արձագանքներին` իր ելույթում ասաց. - «Ազգային ժողովի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ քսանամյա պետական պաշտոնավարության ընթացքում, ռուսական եւ հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է Հայաստանի խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում, փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակները, որ այդպես անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը: Վարդան Այվազյանը, ում անունը Բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է Երրորդ Հանրապետության պատմության ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ, պահանջում է բացահայտել եւ պատժել բոլոր կոռուպցիոներներին»:

Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահին` ասելով, թե Իշխան Զաքարյանը խորհրդարանի ամբիոնից խոսում է կոռուպցիայի մասին, մինչդեռ 9 ամսում հաջողացնում է միլիոնավոր դոլարների արժողությամբ դղյակ կառուցել. - «Ես զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանը Ազգային ժողովի ամբիոնից խրոխտ կեցվածքով զեկուցում հերոսաբար ուրիշների չարաշահումների մասին: Պարոն Զաքարյանին թվում է, թե այդ մարդիկ, ովքեր չարաշահում են, այդ չարաշահումների արդյունքում ձեռք բերած միջոցներով, ի՞նչ է, շպիոնա՞ժ են անում: Ո’չ: Նրանք էլ են առանձնատներ կառուցում»:

Կոնգրեսի մեկ այլ պատգամավոր` Արամ Մանուկյանը ասաց, թե իրականում Վերահսկիչ պալատի հաշվետվությամբ ներկայացվել է Հայաստանի տնտեսական հանցագործությունների քարտեզը, որը թույլ է տալիս «դոսյեներ հավաքել» շատերի, նաեւ խորհրդարանում նստած միլիոնատեր եւ բիզնեսմեն պատգամավորների վերաբերյալ: Այսինքն` իշխանությունը թույլ է տալիս նրանց ատկատներով աշխատել, ստվերում գործել եւ այդկերպ` վերահսկել նրանց:

Ընդգծելով, որ իշխանությունը «ընտրանքային արդարադատություն» է իրականացնում` Մանուկյանը զարմանք հայտնեց, թե ինչու են բոլորը զարմանում, որ Վերահսկիչ պալատը չի դիմում դատախազություն. - «Դատախազությունը չգիտի հա՞ այդ մասին… Դատախազը կանի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը: Եվ մյուսը` ո՞ւմ եք վստահում, դատախազի՞ն: Իր բիզնեսները դուք չգիտե՞ք»:

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի ՎՊ-ի հայտնաբերած չարաշահումները, ապա դիմեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին. - «Պարոն Սահակյան, ձեզ էլ կառաջարկենք այդ հանձնաժողովում, բիզնես ունեցողներն էլ կարող են ընդգրկվել այդ հանձնաժողովում: Պարոն Վարդան Այվազյանին էլ կառաջարկենք, քանի որ ինքը հանքի բիզնեսում բացարձակ կապ չունի, մաքուր պրոֆեսիոնալ պատգամավոր է»:

Սա դուր չեկավ Վարդան Այվազյանին, ով սկսեց վիճել եւ հանդարտվեց միայն Հովիկ Աբրահամյանի կոշտ միջամտությունից հետո:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց իր կուսակից Զարուհի Փոստանջյանի հասցեին Գալուստ Սահակյանի հնչեցրած խոսքերը` ասելով, թե երբ ընդդիմությունն ավելի մեղմ ձեւով քննադատում է իշխանությանը, իշխող կուսակցության ներկայացուցիչների մեջ գտնվում են մարդիկ, ովքեր ընդդիմադիր պատգամավորին նմանեցնում են «մայրուղի դուրս եկած» կնոջ հետ, իսկ այժմ Հանրապետականներն անխնա քննադատում են «թալանչի չինովնիկներին»:

«Հիմա ձեզ հարց եմ տալիս, հարգելի մեծամասնություն, այս ամենը քննարկելուց հետո ո՞վ է մայրուղի դուրս եկել», - եզրափակեց Հակոբյանը:

Ոստիկանությունը, հիշեցնենք, քրեական գործ է Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներում ՎՊ-ի հայտնաբերած չարաշահումների վերաբերյալ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր խորհրդարան էր եկել փայտով` թերեւս հակադրվելու ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանին, ով անցած շաբաթ խորհրդարանում ցույց էր տվել մի կտոր մալուխ, որի գինը նշված ԾԻԳ-ը տասնապատիկ ուռճացրել էր:

Հրայր Թովմասյանը այսօր ցույց տալով իր բերած փայտը` ասաց. - «Բայց սա էլ փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է: Գիտե՞ք այդ նույն շինարարը որքանով է սա գնել: 1600 դրամով»:

Քննարկումներն ավարտվեցին, եւ Ազգային ժողովը ի գիտություն ընդունեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը:
XS
SM
MD
LG