Մատչելիության հղումներ

«Բարեւ Երեւան»-ը այլ մեքենա է պահանջում


«Բարեւ Երեւան»-ին տրամադրված ԳԱԶ-3110 ավտոմեքենան

«Բարեւ Երեւան»-ին տրամադրված ԳԱԶ-3110 ավտոմեքենան

Ընդդիմադիր խմբակցությունը պնդում է, որ քաղաքապետարանը խտրական մոտեցում է ցուցաբերել մեքենաների տրամադրման հարցում:

«Բարեւ Երեւան» դաշինքը Երեւանի քաղաքապետարանից պահանջում է այլ մեքենա տրամադրել ավագանու իրենց խմբակցությանը:

Խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը օրերս հայտարարեց, թե հրաժարվում են իրենց հատկացված ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայից, քանի որ այն տեխնիկապես մաշված է եւ չգործող: Ըստ Բախշյանի, քաղաքային իշխանությունները ընդգծված խտրական վերաբերմունք են ցուցաբերել` ավագանու մյուս խմբակցություններին` Հանրապետականին եւ «Բարգավաճ Հայաստան»-ին տրամադրելով Hyundai Sonata մակնիշի մեքենաներ` «շքեղ, սիրուն, կարգին, սարքին», ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնութագրեց նա:

Ծառայողական մեքենաները Երեւանի ավագանու խմբակցություններին տրվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն:

Անահիտ Բախշյանն ասում է` իր գլխավորած խմբակցության անդամների մեծ մասը ավտոմեքենա չունի, եւ այս մեքենան իսկապես ծառայելու է, հաճույքի համար չէ, ուստի, վիրավորական վերաբերմունքից բացի, «Բարեւ Երեւան»-ում սա համարում են նաեւ փորձեր` ամեն կերպ խոչընդոտելու ընդդիմության գործունեությունը:

«Մեր վարորդին ուղարկել էինք, որ նայի եւ սկսի շահագործել, գնացել էր, այնտեղ ասել էին` «էս է մեքենան», ակումուլյատոր (մարտկոց) չկա վրան, բայց խոստացել են ակումուլյատոր տալ: Վարորդն էլ եկավ ասաց` էդ մեքենան անընդհատ պիտի լինի գարաժներում, անընդհատ վերանորոգման պրոցեսներում, ծառայելու մեքենա չի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը:

Քաղաքապետարանում չեն մեկնաբանում ընդդիմադիր դաշինքի որոշումը, տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը ասաց` իրենց գործն է: Գեւորգյանի խոսքով` քաղաքապետարանի այս տարվա բյուջեով նոր մեքենաների ձեռքբերում նախատեսված չէ, ուստի դաշինքին տվել են այն, ինչ ունեն այս պահին. - «Առկա մեքենաներից ինչ մեքենա ունի այսօր, տիրապետում է «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը` տրամադրում ենք տվյալ մեքենաներից»:

Քաղաքապետարանի խոսնակը տեղեկություն չունի, թե ինչ մեքենաներ են տրամադրվել ավագանու մյուս խմբակցություններին, մինչդեռ «Բարեւ Երեւան» դաշինքը իրեն հատկացված ԳԱԶ-3110 ավտոմեքնեայից բացի տարածել է նաեւ Hyundai Sonata-ի լուսանկարը` պնդելով, որ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը դրանցից են ստացել:

«Բարեւ Երեւան»-ի ներկայացրած ֆոտոների մեջ առկա է մեկ մեքենա, որի վրա առկա է քաղաքապետարանի պետհամարանիշ, մյուս ներկայացրածը, որը ներկայացվում է իբրեւ մյուս խմբակցություններին տրամադրված մեքենա, չկա էնտեղ Երեւանի քաղաքապետարանի պետհամարանիշ: Երբ կտեսնեմ մնացած ֆոտոները, այդ ժամանակ նոր կկարողանամ կարծիք կազմել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը:

Երեւանի նորընտիր ավագանու առաջին երկու նիստերը, հիշեցնենք, անցան լարված մթնոլորտում, «Բարեւ Երեւան»-ի անդամները քննադատում էին քաղաքային իշխանություններին, պարբերաբար հանդես գալիս հարցերով եւ առարկություններով: ԳԱԶ-3110 ավտոմեքենան, սակայն, դրա պատասխանը չէր` ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները նիստերից առաջ արդեն տեսել էին մեքնենան:

Թեեւ քաղաքապետարանը հերքում է, թե սա կանխամտածված քայլ է, «Բարեւ Երեւան»-ում պնդում են, որ սա իշխող Հանրապետական կուսակցության վերաբերմունքն է իրենց:

Անահիտ Բախշյանի խոսքով` իշխանություններն այսպես են կարեւորում ու գնահատում ընդդիմությանը:

«Բոլոր այն հավաստիացումները իշխանության կողմից, թե ընդդիմությանը իրենք տեղ են տալիս, թե ընդդիմությունը շատ կարեւոր է պետության մեջ, առանց ընդդիմություն իրենց համար դժվար է աշխատել, եւ էսօր էլ իրենք ե՛ւ իշխանություն են, ե՛ւ ընդդիմություն են` սրանք բոլորը գործի հետ չհամընկնող խոսակցություններ են. ասում են մի բան, անում են մի այլ բան», - համոզմունք հայտնեց «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարը:
XS
SM
MD
LG