Մատչելիության հղումներ

Հրաժարական ներկայացրած գյուղապետի պաշտոնակատարը ահազանգում է սպառնալիքների մասին


Պռոշյանի գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյան, 17 հունիսի, 2013

Պռոշյանի գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյան, 17 հունիսի, 2013

Պռոշյանի գյուղապետի հրաժարական ներկայացրած պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն սպառնում են, եւ այդ սպառնալիքների պատճառով է որոշել դադարեցնել այս պաշտոնում իր լիազորությունները:

Պռոշյանի ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել հունիսի 7-ին` դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանությունից մոտ 2 ամիս անց, եւ պետք է պաշտոնավարեր մինչ հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրությունները: Սակայն գյուղապետարանի աշխատակազմը, ընդդիմանալով այդ նշանակմանը, այդպես էլ Մելիքյանին թույլ չտվեց մտնել գյուղապետարանի տարածք` պարտականություններն ստանձնելու, եւ նա երեկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խնդրել է դադարեցնել իր լիազորությունները: Մեզ հետ զրույցում Արմենուհի Մելիքյանը խիստ լարված էր եւ հուզված. ակնկալում էր, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունը ապահովելու համար:

«Ինձ սպառնում են, ես էլ խնդրում եմ Հայաստանի ոստիկանապետին, իմ անձը վտանգի մեջ է, ես խնդրում եմ Ձեր պաշտպանությունը: Ես, իրոք, շատ վտանգված եմ: «Նայեք, վատ կլինի», «նայեք` չփոշմանեք, մենք զգուշացրինք» բովանդակությամբ սպառնալիքներ են. չեմ մանրամասնի հիմա ձեզ հետ, ես վստահում եմ միայն Հայաստանի ոստիկանապետին, նրանից խնդրում եմ ընդունելություն: Այս ամենի մասին կասեմ ոստիկանապետին, ես հայտարարություն կտամ, եւ յուրաքանչյուրը ով, ինչ ասում է, թող պատասխան տա իր ասածի համար», - ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ սպառնալիքների ազդեցության տակ է որոշել հրաժարական տալ. - «Ի՞նչ եք կարծում, դուրս գամ փողոց ու բռնեն անծանոթ մարդիկ ինձ ծեծեն, սպանեն, ո՞վ է պատասխան տալու: Ես դրանից վախենում եմ, ու ես հավատում եմ, որ դա կա»:

Պռոշյանի գյուղապետի դաշնակցական տեղակալ Վովա Սահակյանն ու գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ի սկզբանե ընդդիմացել են Արմենուհի Մելիքյանի նշանակմանն ու 40-օրյա պաշտոնավարմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերյուրանք որակեցին սպառնալիքների մասին պնդումները:

«Բացարձակ հերյուրանք է, իրավիճակից չոր դուրս գալու տարբերակ է, էժան տարբերակ: Եթե կա, թող մատնանշի անուն, ազգանուն, երբ, որտեղ, ինչ», - ասաց Սահակյանը, ով շարունակում է պնդել, որ այս կնոջ 40-օրյա պաշտոնավարմանն ընդդիմանալու գլխավոր պատճառը նրա անձն է, խորհուրդ տալով այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ կամ Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դեմ գործողություններ չփնտրել:

Հայտնի է, որ Մելիքյանի պաշտոնավարմանը ընդդիմացել են նաեւ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորները: Մելիքյանի հավաստմամբ, գյուղապետարանի եւ գյուղի դաշնակցականները ցանկանում են այստեղ տեսնել իրենց մարդուն, դրա համար են վրդովվել անկուսակցական պաշտոնակատարի նշանակումից, վտանգ են զգացել առաջիկա ընտրություններից առաջ:

«Ես խնդրում եմ կուսակցությանը թողնել հանգիստ, այստեղ կուսակցության խնդիր չկա, կա գյուղի խնդիր: Նույնիսկ քաղաքական հակամարտություն մարզպետի, գյուղի, մարզպետարանի միջեւ… չկա այդպիսի բան», - պնդում է Սահակյանը. - «Մարզում առաջիններից մեկը Պռոշյան համայնքն է, որտեղ քաղաքացիական հասարակության նշույլ կա: Մարդիկ ըմբոստացան, մարդիկ ասում են, որ տիկինը արժանի չի ոչ միայն 40 օր, այլ նույնիսկ 4 օր, 4 ժամ էլ մտնելու այդ շենք, մարդկանց ղեկավարելու իր անցած ճանապարհով: Երկար ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի անդամ է, դրանից առաջ ավագանու անդամ է աշխատել, իր կազմաքանդիչ, քայքայիչ գործունեությամբ անհատապես աչքի ընկնող անձնավորություն է»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե նաեւ իր անունն է շրջանառվում, որ ցանկացել է առաջադրվել առաջիկա ընտրություններում, հետեւաբար Մելիքյանը կարող էր խոչընդոտել իրեն, գյուղապետի տեղակալը պատասխանեց, որ այո', մտադիր է առաջադրվել գյուղապետի պաշտոնում. «Բայց այդքան կույր ու նաիվ չպետք է լինել: Ես ոչ ոքից չեմ վախենում, եւ ընդհանրապես այստեղ իմ խնդիրը չի եղել, ոչ էլ կուսակցության խնդիրը, հասարակությունն է ոտքի կանգնել»:

Արմենուհի Մելիքյանը մինչդեռ համոզված է, որ այստեղ համայնքի ընդվզման խնդիր չկա, «կոնկրետ մարդկանց շահերի խնդիր է»:

«Այս համայնքը ինչո՞ւ չէր ընդդիմանում մինչեւ հիմա: Համայնքն ինչո՞ւ ինձ հետ շատ խաղաղ ու հաշտ ապրում էր, այդ ո՞նց եղավ, որ նշանակումից հետո հանկարծ սկսեց ընդդիմանալ: Դա ինչ-որ մարդկանց նեղ շրջանակի շահերի խնդիր է, ես պատիվ եմ պահանջում, ի՞նչ է նշանակում «խառնակիչ»: Ո՞ւմ եմ խառնել, ես գնում եմ իրենց տունը խառնելո՞ւ: Պետական լավ ծառայողներ են, թող թույլ չտան, որ ես խառնեմ: Ասում են `«աթոռը կտանք արյունով»… ո՞ւմ արյունով: Ի՞նչ արյունի մասին է խոսքը, այս ի՞նչ պատերազմ է», - վրդովվում է Մելիքյանը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անկուսակցական կնոջը գյուղապետի պաշտոնակատար նշանակելով նպատակ է ունեցել մեղմել գյուղապետի սպանությունից հետո գյուղում առկա լարվածությունը, այն էլ` հակառակը եղավ: Ձեռնպահ մնալով գնահատականներից` մարզպետն ասաց, որ այսօր առավոտյան այլ մարդու է նշանակել:

«Իմ օգնականին եմ նշանակել` Վրեժ Մնացականյանին, կգնա, կսկսի պաշտոնավարել, տեսնենք` ռեակցիան ինչպիսի՞ն կլինի պռոշյանցիների», - ասաց մարզպետը` ընդգծելով, որ Վրեժ Մնացականյանը անկուսակցական է, պռոշյանցի չէ. - «Այդպես հարմար գտա: Չեն ուզի` պաշտոնակատարը էլ չի գնա », - եզրափակեց Շահգալդյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG