Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան Արաքս գետի վրա եւս մեկ ջրամբար կկառուցի


Արաքս գետը հայ-իրանական սահմանին

Արաքս գետը հայ-իրանական սահմանին

Թուրքիայի Կարս նահանգի պետական ջրային գործերով վարչության ղեկավար Հայթի Չելենքը հայտարարել է, որ պատրաստվում են Թազլուջայի շրջանում (պատմական Կողբ), Արաքս գետի ջրերի հաշվին 45 մետր խորությամբ ջրամբար կառուցել:

Թուրքիան Արաքսի վրա արդեն իսկ երկու ջրամբար է շահագործում, երրորդի շինարարությունը կավարտվի այս տարի եւ չորրորդը կլինի Կարակուրդի ջրամբարը, որը ունենալու է 1 միլիարդ խորանարդ մետր տարողունակություն: Ստացվում է, որ Հայաստանի սահման չհասած Արաքսի սկզնամասում այս 4 ջրամբարները միասին հաշվարկած թուրքերը կկարողանան կուտակել մոտ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջուր. սա այն դեպքում, երբ Արաքս գետի ջրային պաշարը տարեկան կտրվածքով կազմում են 2 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր:

«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանը ջրամաբարնի կառուցմանը ընդդիմանալ չի կարող, քանի որ այն կառուցվում է Թուրքիայի տարածքում, Թուրքիայի պետական միջոցներով:

«Մտածված գնացել են Ախուրյանի, Արաքսի վտակների վրա են կառուցում... Իրենք հայտարարում են, որ ՀԷԿ-երի համար են կառուցում, բայց դժբախտությունը նա է, որ ՀԷԿ-երի ջրամբարները կարող են դատարկել այն ժամանակ, որ մեր ռեժիմին չբավարարի, այսինքն դատարկեն ոռոգման սեզոնից դուրս, երբ մեզ պետք չէ, սելավների ժամանակ, ձմեռը, եւ մենք կունենանք 50 տոկոսից ավելի դեֆիցիտ», - ասում է Ջավադյանը:

Ջավադյանը նշում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ համատեղ 1981 թվականին շահագործման է հանձնել Ախուրյանի ջրամբարը, որի ջրային պաշարը կիսվում է Թուրքիայի հետ: Բայց քանի որ Կարակուրդի ջրամբարը կառուցվում է Ախուրյանի ջրամբարից վերեւ, ապա կնվազի Ախուրյանի ջրամբարում կուտակվող ջրի քանակը, որն օգտագործվում է Արարատյան դաշտի, Արամավիրի մարզի ու Արագածոտնի նախալեռնային շրջանների ոռոգման համար:

«Այն, ինչ որ պետք է գար, լցվեր Ախուրյանի ջրամբար, այդ լցվելը կլինի ոչ բավարար քանակությամբ, հետո մենք նորից պետք է կիսենք 50-50 ջրամբարի կիսալցված տարողությունը», - մտահոգվում է Ջավադյանը:

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ նման քայլով Թուրքիան ջրային ռեսուրսների վրա հսկողությունը, փաստորեն, վերցնում է իր ձեռքը:

«Ընդհանրապես պայմանագիր կա, որ ջրերի վրա այդպիսի ներգործություն պետք է չունենան: Անգամ Ախուրյանի ջրամբարը կառուցելու ժամանակ պարտավորվել են, որ թուրքական կողմը պետք է 350 միլիոն խորանարդ մետր ջուր թողնի եւ մարդկային գործոն պետք է չլինի: Ախուրյանի ջրամբարում ամբարվում է 500 միլիոն խորանարդ մետր ջուր, ջուրը երկու կողմերը հավասար օգտագործում են, որպես սահմանային գետ` ըստ գոյություն ունեցող կոնվենցիայի: Հիմա եթե թուրքական կողմը ինչ-որ բան է արել, մարդկային ներգործություն է անում, նշանակում է, որ ինքն իր վրա վերցրած նախկին պարտավորություններն է խախտում», - ասում է Սարգսյանը:

Սարգսյանը հավելում է, որ սա Թուրքիայի վարած նման ջրային քաղաքականության առաջին օրինակը չէ:

«Մեծ ծրագիր է: Նույնն արել են Եփրատ գետի վրա: Կառուցել են ջրամբար ու Սիրիային ջուր չեն տալիս, երբ ուզում, այն ժամանակ էլ տալիս են: Նույնն արել են Տիգրիս գետի վրա: Իրաքին ջուր են տալիս, երբ իրենց դիմում են, Թուրքիան էլ ասում է` «մեր մուսուլման եղբայրներին ինչպես չօգնենք»: Նույնն անում են մյուս գետերի վրա, որոնք Թուրքիայից դուրս են գալիս: Նույն բանն անցյալ տարի սկսեցին անել Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ: Դա իրենց քաղաքականությունն է, քաղցրահամ ջրի կռիվ են տալիս», - ասում է նա:

Ջավադյանը Թուրքիայի այս քայլը որակում է որպես թշնամական վերաբերմունք հարեւան պետությունների նկատմամբ. - «Թշնամական հարաբերություն է հարեւան պետության նկատմամբ, որը որ մենք երբեւիցե չենք արել ու չենք անելու, իսկ իրենք անում են: Մեր անելիքը նա է, որ մենք հիմնավորենք մեր ջրի պաշարների պակասը եւ ստեղծենք հնարավորություն տեղում այդ պաշարները ստեղծելու, որովհետեւ մենք հույս չունենք, որ նրանք բարեկամական մի քայլ կանեն»:

Սարգսյանն էլ վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է դիմակայելու Թուրքիայի նման քայլին իր սեփական ռեսուրսներով:

«Պետք չէ դրանով մեր ժողովրդին վախեցնել: Հայկական կողմն ունի իր գործող միջոցները եւ այսօր էլ ամեն ինչ արվում է, որ երբ հասնի այդ պահը, մենք ապահովված լինենք: Ունենք ջրամբարներ, որ անավարտ են, դրանք էլ մենք պետք է ավարտին հասցնենք, որ մենք մեր ջրային բալանսն ունենանք մեր անհրաժեշտ քանակի ջուրն ունենանք, ու չմոռանանք, որ մենք նաեւ Սեւան ունենք», - ասում է նա:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը կփորձի ինչ-որ կերպ միջամտել խնդրին, թե` ոչ. նախարարությունը, համենայնդեպս, խնդրի շուրջ որեւէ պարզաբանում չի տալիս:
XS
SM
MD
LG