Մատչելիության հղումներ

Կառավարությունը «լայնածավալ» չի համարում ՎՊ-ի բացահայտած խախտումները


Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան

Կառավարությունը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե բյուջեի միջոցները փոշիացվում են մասշտաբային կոռուպցիոն դրսեւորումների արդյունքում:

«Չենք կարող համաձայնել այն կարծիքների եւ գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, եւ բյուջետային հիմնական գործընթացները իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսեւորումներով», - այսօր հայտարարեց Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի առաջին նիստում ներկայացնելով Կառավարության գնահատականների Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ:

Ըստ Վերահսկիչ պալատի, հիշեցնենք, բյուջեի հաշվին կատարված անարդյունավետ ծախսերը հայրուր միլիոնավոր դրամի հետ հասնում: ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքում Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի չարաշահումների առնչությամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել:

Փոխվարչապետը նշեց, որ ՎՊ-ի հաշվետվության մեջ արձանագրված բոլոր խնդիրների մասով Կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, սակայն, Գեւորգյանի դիտարկմամբ, գործող օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը ոչ թե քրեական, այլ տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն` գումարները վերականգնվում են բյուջե, եւ հարցը դրանով փակվում է:

«Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը, կարծում ենք, նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է», - նշեց նա` հավելելով նաեւ, որ Վերահսկիչ պալատը լիարժեքորեն չի օգտվում կասկածելի գործերը Գլխավոր դատախազություն ուղարկելու օրենքով ընձեռված հնարավորությունից. - «Համոզված ենք, որ իր լիարժեք կիրառումը չի ստացել նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, որը ենթադրում է, որ Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրություններն ու ընթացիկ հաշվետվություններն ուղարկում է Գլխավոր դատախազություն, եթե դրանում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) հակադարձեց փոխվարչապետի այն պնդմանը, թե բյուջեի միջոցները համատարած կերպով չեն փոշիացվում եւ հայտնաբերված չարաշահումները համակարգված բնույթ չեն կրում. - «Դուք որ հերքում եք Վերահսկիչ պալատին, դրանով հարցը չի փակվում: Որովհետեւ Սերժ Սարգսյանը` Հանրապետական կուսակցության ղեկավարը, 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Կառավարությունում ունեցել է հայտնի խորհրդակցությունը եւ ասել է նույն բաները` շատ ավելի կոպիտ, քան ասում է Վերահսկիչ պալատը: Այնպես որ, եթե հերքում եք Վերահսկիչ պալատը, պետք է հերքեք նաեւ Սերժ Սարգսյանի ասածները: Ընդ որում` շատ կոնկրետ հանձնարարականներ կային, մեջբերում եմ` Սերժ Սարգսյանն ասել է` գլխից պիտի բռնենք, մեծերից: Դուք եկել-ասում եք, որ Վայոց Ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել եք…»:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող լուրերին, թե փոխվարչապետը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է. - «Տեսեք` խոսք է գնում ատկատների մասին: Մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների համաձայն, «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից եք, եւ ողջ պետական համակարգն այսօր, մեծամասնությունը գնումները կատարում է «Տոյոտա» ընկերությունից, այսինքն` դրա արդյունքում շահույթ եք ստանում նաեւ Դուք, որովհետեւ ես չեմ լսել հերքում, որ Դուք այդ ընկերության սեփականատերը չեք: Ստացվում է, որ դա ատկատի ձեւերից մեկն է»:

Արմեն Գեւորգյանը պատասխանեց. - «Ձեր լրատվամիջոցի թղթակիցը ժամանակին այդ հարցը տվել է, եւ պատասխանը եղել է բացասական: Եվ երկրորդը, եթե ես չեմ սխալվում, պետական համակարգում մեքենաները ոչ միայն «Տոյոտա»-ից են գնվում, այլ նաեւ այլ դիստրիբյուտորներից»:

Անդրադառնալով Փաշինյանի հարցի առաջին մասին` փոխվարչապետն ասաց. - «Իհարկե, կարելի է իմ ասածները տարբեր ձեւով մեկնաբանել` ինչպես Դուք դա արեցիք: Ես իմ ելույթում որեւէ հերքում կամ որեւէ ամփոփիչ գնահատական Վերահսկիչ պալատի հաշվետվության չեմ ներկայացրել»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատը կոնկրետ մեղադրանք է ներկայացրել, որ վարկային միջոցները անարդյունավետ են օգտագործվել: Նշելով, որ այդ արարքի համար Քրեական օրենսգիրքը կոնկրետ պատիժ է սահմանում, իսկ Վերահսկիչ պալատը չի դիմել դատախազություն` պատգամավորը հարցրեց, թե արդյոք Կառավարությունը չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ դիմել Գլխավոր դատախազություն:

Փոխվարչապետն արձագանքեց, թե այդ խնդիրները քննարկել է Էկոնոմիկային նախարարության ներկայացուցիչների հետ. - «Այդ խնդիրները քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացնում, որովհետեւ, ըստ էության, կոնկրետ մեխանիզմներ կան, եւ, եթե ես չեմ սխալվում, ոչ թե Կառավարությունը այդ վարկային ռեսուրսները հատկացնում է ուղիղ ձեռներեցներին, այլ` համապատասխան բանկերի միջոցով, ռիսկերը գնահատելով, ապահովագրելով եւ այլն»:

Նկատենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից որեւէ պատգամավոր հարց չուղղեց փոխվարչապետին:

Իշխող Հանրապետականի պատգամավորները, փոխարենը, շատ ակտիվ էին: Ալեքսան Պետրոսյանն, օրինակ, հարցրեց, թե ինչ կարելի է անել, որ գողացողները ցանկանան, բայց չկարողանան գողանալ:

«Հաստատ չեմ կարող հիմա մի ունիվերսալ լուծում առաջարկել», - պատասխանեց Գեւորգյանը` շարունակելով. - «Գիտեմ, որ ամբողջ աշխարհում այդ երեւույթը կա: Պարզապես դրա դեմ էֆեկտիվ պայքարը, իմ կարծիքով, կայանում է մեկում` համապատասխան պետական պատժիչ մեքենան պետք է լիարժեք աշխատի, որպեսզի բոլորի մոտ անպատժելիության զգացողություն չլինի»:

ՎՊ-ի հաշվետվության շուրջ քննարկումները խորհրդարանում կշարունակվեն վաղը:
XS
SM
MD
LG