Մատչելիության հղումներ

Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարը հրաժարական տվեց


Պռշյանի գյուղապետարանի շենքը 2013 թվականի ապրիլի 2-ին` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության օրը

Պռշյանի գյուղապետարանի շենքը 2013 թվականի ապրիլի 2-ին` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության օրը

Արմենուհի Մելիքյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խնդրել է դադարեցնել իր լիազորությունները որպես Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Իր այդ քայլը նա պատճառաբանում է «գյուղում գռեհիկ վարքագիծ դրսեւորող խմբի անկառավարելի, հակաօրինական անհանդուրժող» գործողություններով ու հայտարարություններով:

«Միեւնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի եւ ոստիկանության անգործությունը՝ ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները 2013 թվականի հունիսի 10-ին եւ դրան հաջորդող օրերին, չկարողացան կամ չցանկացան կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, ինչը վերը նշված խմբին դարձրեց ավելի անկառավարելի ու սանձարձակ», - հայտարարել է Արմենուհի Մելիքյանը` շարունակելով. - «Չկարողացան կարգի հրավիրել համայնքային ծառայողներին, ովքեր հենց բոլոր սադրիչ ու լկտի գործողությունների կազմակերպիչն ու ղեկավարն էին: Չկարողացան համայնքային ծառայողներին կարգի հրավիրել իրենց աշխատավայրում եւ կոռեկտության կոչել: Իրենց անգործությամբ թույլ տվեցին ակտիվանալ մի ուժի, որը զենք կիրառելու մեծ մշակույթ ունի»:

«Իմ լավագույն ցանկությունները` գյուղում թուլացնելու առկա լարվածությունը, կոնկրետ մարդիկ վերաորակեցին եւ հրահրեցին արհեստական լարվածության: Ես շարունակելու եմ ապրել այս գյուղում, եւ թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին», - ասված է Մելիքյանի տարածած հայտարարությունում:

«Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր բարոյական նկարագիրը, դիմացինի մասին մտածում նախասիրությունների իր չափանիշով: Ես արհամարհում եմ իմ մասին հնչեցրած անհիմն մեղադրանքները եւ կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, կամք, չտրվել սադրանքների: Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխելու հետագա սանձարձակ դրսեւորումները: Կանխելու անչափահասների ներգրավումը որոշ մարդկանց քաղաքական կեղտոտ շահարկումներում», - հայտարարում է Մելիքյանը եւ դիմելով սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներին՝ կոչ անում չտրվել բանսարկությունների. - «Որոշ մարդիկ ինքնագովազդի եւ հանցագործություններ թաքցնելու նպատակով խաղում են Ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի եւ միմյանց ճանաչող մարդիկ Ձեր հետ կիսում եմ Ձեր վիշտը եւ Ձեր հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործության բացահայտմանը»:

Այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյանում սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Համաձայն Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի՝ հունիսի 7-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար նշանակվեց նույն գյուղի բնակիչ Արմենուհի Մելիքյանը: Գյուղացիների մի մասը, սակայն, ընդդիմանալով մարզպետի որոշմանը, թույլ չտվեցին Մելիքյանին անցնել իր պարտականությունների կատարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG