Մատչելիության հղումներ

Հայտնի է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագիրը եւ ժյուրիի կազմը


Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է 10-րդ անգամ: Փառատոնի ծրագրերի տնօրենը Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ ամեն տարի ավելի մեծ թվով հայտեր են ստանում ու նկատում են, որ փառատոնն ավելի հայտնի է դառնում կինոգործիչների շրջանում:

Այս տարի «Ոսկե ծիրանը» ունեցել է աննախադեպ մեծ թվով հայտեր. ավելի քան 1200 հայտ փառատոնի 4 հիմնական ծրագրերի համար:

«Ոսկե ծիրանի» ծրագրերը արդեն ավանդական են. միջազգային մրցույթ, որը բաժանվում է վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի բաժինների, հայկական համայնապատկեր, որտեղ մրցում են հայ կամ հայկական ծրագրում ունեցող կինոռեժիսորները, համեմատաբար երիտասարդ ծրագիր` «Կորիզ», որը կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի համար է նախատեսված եւ արտամրցութային ծրագիր, որում ընդգրկվում են ցուցադրության արժանի, բայց մրցութային ծրագրից դուրս մնացած ֆիլմեր:

«Ոսկե ծիրանը» մոտ 1200 հայտերից ընտրել է մոտ 200-ը: Ասում են, որ բարդ է լինելու բոլոր ֆիլմերը Երեւանի սահմանափակ թվով դահլիճներում ցուցադրելը:

Մրցութային ծրագրի գեղարվեստական բաժնում ընդգրկված է 12 ֆիլմ, ինչպես ամեն տարի: Ժյուրիի նախագահը հունգարացի հայտնի կինոռեժիսոր, օսկարակիր Իշտվան Սաբոն է, ով նաեւ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր է: Այս ժյուրիի անդամ է նաեւ ֆրասահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

Վավերագրական մրցույթում ընդգրկված է 11 ֆիլմ, իսկ ժյուրիի նախագահը ռուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան է, ով 2010-ին արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակի:

Փառատոնի կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» ծրագրին այս տարի շատ մեծ թվով հայտեր են եղել:

«Եթե նախորդ տարիներին մենք էինք գնում փառատոններից ընտրում, ապա այս տարի ստեղծագործողներն են ֆիլմերը ուղարկել», - ասաց ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Արամ Շահբազյանը:

«Կորիզում» ընդգրկված ֆիլմերից միայն մեկն է հայկական` Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմը, որը ստեղծվել է որպես դիպլոմային աշխատանք:

«Այս անգամ մենք շատ խիստ էինք, որոշել էինք, որ եթե չլինի մրցունակ հայկական ֆիլմ, ապա ծրագիր չի մտնելու, եւ այս ֆիլմը իրոք արժանի էր ծրագիր մտնելուն», - ասաց Շահբազյանը:

Այս տարի փառատոնն անցկացվում է հուլիսի 7-14-ը, հրավիրվածների ցանկում բազմաթիվ հանրահայտ կինոգործիչներ են: Փառատոնին ներկա կլինի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը եւ հայ հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG