Մատչելիության հղումներ

Հայաստանում քվեարկող իրանցիները փոփոխություններ են ակնկալում


Հայաստանում քվեարկող իրանցիների մեծ մասն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, թե առաջին հերթին փոփոխություններ են ակնկալում իրենց երկրում: Ընտրողները հույս էին հայտնում, որ այս նախագահական ընտրություններից հետո Իրանում սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ կլինեն:

Իրանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, եւ Հայաստանում ապրող, աշխատող իրանցիների համար միակ ընտրատեղամասը բացվել է Երեւանում` իսլամական հանրապետության դեսպանատանը:

Կեսօրին, «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ, քվեարկողների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն հետո` աստիճանաբար մարդիկ սկսեցին շատանալ, անգամ փոքրիկ հերթ գոյացավ ընտրատեղամասում:

«Կարծում եմ Իրանում փոփոխությունների հիմնական աղբյուրը, մոտիվացիան ժողովուրդն է: Երբ ժողովուրդը փոփոխություն է ցանկանում, այն տեղի կունենա եւ կապ չունի այդ փոփոխությունը մեծ կլինի, թե փոքր: Իրանի ժողովուրդը փոփոխություններ է ակնկալում բոլոր ուղղություններում», - ասում էր ընտրողներից մեկը:

Մեր զրուցակիցները չէին ցանկանում ներկայանալ, իսկ նրանցից ոմանք նաեւ մանրակրկիտ ստուգում էին լրագրողական վկայականը, հետո նոր համաձայնվում պատասխանել հարցերին:

«Հույս ունեմ, որ ինչ-որ բան Իրանում կփոխվի [այս ընտրություններից հետո], եւ այդ առումով հավատում եմ, որ թեկնածուները կիրականացնեն այդ փոփոխությունները: Բայց կարծում եմ, որ փոփոխությունները կվերաբերվեն սոցիալ-տնտեսական ոլորտին, իսկ քաղաքական համակարգը դժվար թե փոխվի, որովհետեւ այն իսլամական կարգերի ներքո է եւ երբեք չի փոխվի», - ասում էր մեկ այլ ընտրող:

Թերեւս, մի առանձին նկարագրության է արժանի դեսպանատանը բացված ընտրատեղամասը: Միանգամից ուշադրություն գրավեց այն, որ սեղաններին դրված էին ծաղիկներ ու քաղցրավենիքներ: «Ընտրություններն Իրանում միշտ տոն են», - բացատրեցին դեսպանատանը:

Իրանի փոխդեսպան Ջաֆար Զամանին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, թե Հայաստանում բնակվում են մոտ 5000 իրանցիներ, սակայն նրանցից այսօր քվեարկելու իրավունք ունեն միայն 1500-ը:

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում են վեց թեկնածուներ: Փորձագետների գնահատականներով` հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին:

Վերջին ութ տարիներին երկիրը նախագահող Մահմուդ Ահմադինեժադն առաջադրվելու իրավունք չուներ:
XS
SM
MD
LG