Մատչելիության հղումներ

Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները հավաքվում են ընկերության սեփականատիրոջը` Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիթեդ» ընկերության շենքի մոտ` իրենց աշխատավարձերի մարման պահանջով:

Հավաքվածները պնդում են, որ անցած տարվա նոյեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել, թեեւ «Արմավիան» հայտարարել էր, որ հունիսի 7-ից սկսել է աշխատավարձերի մարման գործընթացը:

«Արմավիայի» գրասենյակին պատկանող շենքի առջեւ հանդիպեցինք ընկերության տնօրեն Նորայր Բելույանին, ով ասաց, որ աշխատավարձերն աստիճանաբար մարվում են, չհստակեցնելով թե քանի նախկին աշխատակցի ու որքան գումար են պարտք:

«Ամեն օր աշխատավարձ տրվում է։ Մի օր քիչ, մի օր շատ, բայց ամեն օր աշխատավարձ տվում է։ Բոլորին հերթականությամբ աշխատավարձերը տրվում են», - նշեց Բելույանը։

Նրա խոսքով, ընկերությունը աշխատավարձերը մարելու նպատակով վաճառում է գույքի որոշակի մասը, այդ թվում ինքնաթիռներ: Բելույանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերությունը կմարի աշխատավարձերի պարտքը։

Ինչ վերաբերում է «Արմավիայի» առողջացման ծրագրին ու հնարավոր վերադարձին հայաստանյան ավիափոխադրումների դաշտ, ապա, ըստ Բելույանի. - «Այն, ինչ մեզ խնդրել են, որ մենք ներկայացնենք առողջացման ծրագիր եւ մենք ներկայացրել ենք, եթե այդ պայմանները լինել, խոչընդոտներ չլինեն, ես տեսնում եմ հնարավորությունը «Արմավիայի» վերադարձի»։

Ի դեպ, անցած շաբաթ կառավարության նիստից հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարել էր, թե իրատեսական չի համարում նման պարտքերի ու կառավարման պայմաններում «Արմավիայի» հնարավոր վերադարձը:
XS
SM
MD
LG