Մատչելիության հղումներ

Ասադի բանակը ժամանակին քիմիական զենք է կիրառել


Սիրիացի ընդդիմադիր զինյալը Դեիր էլ-Զորի փողոցներից մեկում, ապրիլ, 2013թ.

Սիրիացի ընդդիմադիր զինյալը Դեիր էլ-Զորի փողոցներից մեկում, ապրիլ, 2013թ.

Ամերիկան ապացուցված է համարում սիրիացի ապստամբների դեմ «զարին» տեսակի գազ օգտագործելու հանգամանքը եւ պատրաստ է զենք մատակարարել ընդդիմադիր զինյալներին։

Սպիտակ տունը հինգշաբթի ուշ երեկոյան հաղորդել է, որ ըստ հետախուզության փորձագետների, սիրիական բանակը բազմիցս է քիմիական զենք օգտագործել։ Միացյալ Նահանգները հետայսու իրեն վերապահում է սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու իրավունք։

Նախագահ Բարաք Օբաման նախկինում մի քանի անգամ ասել է, որ քիմիական զենք օգտագործելու փաստը կլինի այն «կարմիր գիծը», որից այն կողմ Ամերիկան արդեն միանշանակ կսկսի աջակցել ապստամբներին եւ, փաստորեն, առավել ակտիվ կներքաշվի սիրիական զինված հակամարտության մեջ։

Ապստամբները վերջերս լուրջ պարտություններ են կրել պետական բանակի ստորաբաժանումներից, որոնք, ըստ հետախոուզության տվյալների, աջակցություն են ստանում Լիբանանում դիրքավորված «Հըզոլա» շարժման մարտիկներից, ինչպես նաեւ Իրանից Սիրիա ժամանած զինյալներից։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը երեկ ատարածել է հայտարարություն, որում ասվում է, թե հետախուզական ծառայություններն արդեն հաստատել են, որ Բաշար ալ-Ասադի բանակը «զարին» տեսակի գազ է օգտագործել, ինչի հետեւանքով զոհվել է 100-150 մարդ։

Անցած ամիսների ընթացքում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ սիրիացի ապստամբները նույնպես նման զենք են օգտագործել։ Ռոդսի հայտարարությունում ասվում է, որ այս պահին չկան արժանահավատ փաստեր, որոնք թույլ կտային ապստամբներին էլ մեղադրել քիմիական զենք կիրառելու համար։

Դեռ հայտնի չէ, թե պաշտոնական Վաշինգտոնն ինչ կարգի զենք կտրամադրի ապստամբներին։ Ամերիկացի օրենսդիրները կառավարությանը կոչ են անում ապստամբների գերագույն ռազմական խորհրդի հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումներին փոխանցել հակատանկային եւ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ։

Մինչ օրս Միացյալ Նահանգները Սիրիայի ապստամբներին այսպես կոչված «ոչ մարտական» աջակցություն է տրամադրել, սակայն Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Թուրքիան զենք են փոխանցել ապստամբներին։

Հակամարտության ընթացքում Սիրիան զենք է ստացել իր վաղեմի դաշնակից Ռուսաստանից։

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Ամերիկան քննարկում է Սիրիայի օդային տարածքի որոշ հատվածներում թռիչքների արգելման գոտի սահմանելու տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG