Մատչելիության հղումներ

Բրյուսելում հայաստանյան քաղաքացիական հասարակության դերի աճ են արձանագրում


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

«Այսօր Հայաստանը կարելի է Արեւելյան գործընկերության համատեքստում հաջողված պատմություն համարել»:

Վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական հասարակության դերը մեծացել է: Այդ մասին ասաց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Եվրամիության կողմից համակարգող Օլգա Ստուժինսկայան` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով Հայաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը:

Հայաստանը Արեւելյան գործընկերության ծրագրի 6 երկրների շարքում առաջընթաց գրանցած երկիր է, որը կարելի է հաջողված պատմություն համարել, նշեց նա:

«Այսօր Հայաստանը կարելի է Արեւելյան գործընկերության համատեքստում հաջողված պատմություն համարել` հաշվի առնելով մյուս երկրների զարգացումները, հատկապես եթե այն համեմատենք այնպիսի երկրների հետ, ինչպիսին Բելառուսն ու Ադրբեջանն են», - ասաց Ստուժինսկայան` շարունակելով. - «Հստակ երեւում է այն առաջընթացը, որ Հայաստանն իրականացրել է եվրոպական ինտեգրման ուղղությամբ վերջին մեկ-երկու տարիներին: Իմ կարծիքով` պաշտոնական Բրյուսելը տեսնում է այդ քայլերը եւ բարձր է գնահատում: Կարծում եմ` Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը կներկայացվի որպես Արեւելյան գործընկերության հաջողված պատմություն, ծրագրի ստացված օրինակ»:

Հիշեցնենք` Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ստեղծվել է 6 երկրներում` Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում քաղաքացիական հասարակության դերն ակտիվացնելու համար:

Բրյուսելում ֆորումի ղեկավար մարմնի համանախագահ եւ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսին են ֆորումի շրջանակներում Բրյուսելի տրամադրությունները` կապված Եվրասիական միության հանդեպ Հայաստանի հետաքրքրության հետ, պատասխանեց. - «Իհարկե, Բրյուսելում տեղյակ են Հայաստան - Ռուսաստան սերտ համագործակցության եւ հարաբերությունների մասին եւ, բնականաբար, որոշակի վերապահումներ ունեն 100 տոկոսով համոզված լինել, որ Հայաստանի ընտրությունը դեպի Արեւելյան գործընկերության ասոցիացման պայմանագրի ստորագրումն է, Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի ստորագրումն է: Բայց մյուս կողմից նաեւ կա, դա էլ է զգացվում, լուրջ վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ շատ աղմկելով, ոչ շատ բարձրաձայն, բայց, համենայն դեպս, հաստատում են իրենց շահագրգռվածությունը եւ իրենց հետաքրքրվածությունը` արդեն այս տարի ավարտել բանակցությունները Ասոցիացման պայմանագրի շրջանակներում»:

«Քանի որ այդ գործընթացը գնում է, եւ որեւէ հստակ փաստաթղթի ստորագրում` որեւէ այլ նախաձեռնությունների հետ կապված, դրան չի խանգարում, աշխատանքը շարունակվում է», - նշեց Նավասարդյանը:

Օլգա Ստուժինսկայան ասաց, որ ինքը անձամբ հենց Հայաստանում հետեւել է ընտրությունների ընթացքին դիտորդական խմբի հետ միասին, այցելության ժամանակ ծանոթացել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպություններին եւ եկել եզրակացության, որ Հայաստանում քաղաքացիակայն հասարակության դերը գնալով բարձրանում է:

«Հաճելի էր տեսնել, որ հասարակական կազմակերպությունների կարծիքը Հայաստանում իշխանությունները որոշակիորեն հաշվի առնում են: Եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որ մի քանի տարի առաջ էր, ապա հստակ երեւում է բարելավումը: Ոչ կառավարական կազմակերպությունների առաջարկները հիմնականում դիտարկվում են: Իհարկե, լավ կլիներ ավելին տեսնել, բայց հուսով եմ այս տենդենցը կզարգանա: Ամեն դեպքում` տարբերությունն ակնհայտ է», - եզրափակեց Եվրամիության կողմի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG