Մատչելիության հղումներ

Հունիսի 14-ի մամուլ


Մամուլը լայնորեն արձագանքել է Վերահսկիչ պալատի նախագահի` խորհրդարանում ներկայացրած զեկույցին:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հասարակության մի լայն հատված, ըստ էության, խորապես թքած ունի, թե ինչեր է պարզել Վերահսկիչ պալատը, ինչքան են չարաշահել, յուրացրել, մսխել, գրպանել: Բանն այն է, որ այն, ինչ անում են իշխանությունները այսօր, այսինքն` այն ձեւը, որով հրապարակվում են բացահայտումները, մեղմ ասած անբավարար է հասարակության վերաբերմունքի փոփոխություն առաջացնելու համար, որովհետեւ այդ վերաբերմունքի փոփոխության համար ստանդարտ քայլերն արդեն խիստ անբավարար են: Իշխանությունները հասարակության վերաբերմունքը փոխելու համար ունեն հեղափոխական քայլերի կարիք այս ոլորտում: Այսինքն` պետական բյուջեի ամեն մի կոպեկի հանդեպ հոգատարության դրսեւորումը կարիք ունի արմատական վերանայումների, որպեսզի հասարակական ուշադրությունն իսկապես գրավվի եւ հասարակական անտարբերությունը փոխակերպվի հետաքրքրության, փոխակերպվի նոր հասարակական եւ իրավական չափանիշների: Նման բան չկա եւ չի էլ լինելու, որովհետեւ նման խնդիր որեւէ մեկը չունի: Պետական միջոցների չարաշահման դեմ հայտարարված պայքարն ընդամենը նպատակ ունի կանոնակարգել այդ գործընթացը»:

Թամաշա որակելով Իշխան Զաքարյանի ներկայացրած զեկույցը` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բայց արդյոք այս ամենը միայն թամաշա՞ էր: Գործընթացները, կարծում ենք, ավելի խորքային են: Բանն այն է, որ Հայաստանի հիմնական թալանը, կարելի է ասել, արդեն ավարտված է: Երկրի հարստության կեսից ավելին պատկանում է առավելագույնը 30-40 ընտանիքների: Ընդ որում համարյա օրինական հիմունքներով: Ահա այդ 30-40 ընտանիքները տարիների ընթացքում երկիրը թալանելով միլիարդներ են կուտակել ու իրենց կարծիքով` ամեն ինչ արել թալանվածը հանգիստ ու ապահով վայելելու համար, բայց անսպասելիորեն հայտնվել են նոր վտանգի առաջ. երկիրը դատարկվում է ահավոր տեմպերով, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո Հայաստանում մարդ չի մնա եւ իրենց միլիարդները «շուն ու գելի» բաժին կդառնան: Ուրեմն ի՞նչ անել: Մտածել-մտածել են ու հանկարծ հասկացել, որ ախր իրենց 30-40 հոգանոց «էլիտայից» բացի մի 3-4 հազար չինովնիկներ էլ կան, որոնք զբաղվում են «մելկի թալանով»` ամեն մեկն ինչքան կարողանում է: Մեկը «չերեզ պետական գնումներ մի 100 միլիոն դրամ է «կճմտում» բյուջեից, մի ուրիշը մի 100-200 միլիոնի ասֆալտ ու ցեմենտ է գողանում, երրորդը` պետական հիմնարկների «եվրապատուհանների» վրա է մի 50-60 միլիոն դրամ փախցնում եւ այլն: Հասկանալի է, որ «էլիտան» նման «մանր-մունր» գործերով չի զբաղվում` նրանց մասշտաբներն ուրիշ են ու հիմա սրանք որոշել են, որ «գաղթ մթնոլորտի» (այսինքն արտագաղթի) հիմնական մեղավորը հենց այդ 3-4 հազար մանր-մունր թալանչիներն են ու այդ մանր-մունր թալանով վտանգվում է իրենց` լուրջ թալանը վայելելու հեռանկարը: Այստեղից էլ իշխանական վերնախավի ելույթներում ի հայտ եկած նոր շեշտադրումները: Առաջիկայում «չաղ ու բախտավոր» չինովնիկներից մի քանիսին, իհարկե, գործից կհանեն, մեկ-երկուսին էլ երեւի կնստացնեն: Այլ հարց է, թե արդյոք դրա արդյունքում ինչ-որ բա՞ն կփոխվի»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պատասխանելով «Հայոց աշխարհ»-ը հարցին, թե ի՞նչն է ի վերջո խանգարում պատժել թալանչիներին, ասում է. - «Չեմ կարծում, թե որեւէ բան խանգարում է: Հակառակը, համոզված եմ, որ կլինեն պատիժներ: 2013թ. բյուջեի կատարողականը մենք ամեն օր ենք ստուգում եւ պարբերաբար տեղեկացնելու ենք հասարակությանը արդյունքների մասին։ Մի դեպքով արդեն բարձր պետական պաշտոնյան ազատվել է պաշտոնից։ Առայժմ այդ փաստը կարող եմ հրապարակել, հետագա հրապարակումները տեսնենք՝ որ բնագավառում կլինեն, ինչ կլինի, ոնց կլինի։ Կարեւորը՝ որ համարձակ մտել ենք այդ դաշտ: Համոզված եմ, մի օր այս ամբիոնում կանգնելու եւ ասելու ենք, որ այս երկու բնագավառներն էլ ազատվել են կոռուպցիոն ռիսկերից»:

«Օրակարգ» թերթին զարմացրել է Վերահսկիչ պալատի զեկույցի առնչությամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ առաջացած զայրույթը: Թերթի խմբագրականում կարդում ենք. - « երբ բյուջեի թալանի մասին խոսում է պետության երկրորդ դեմքը, իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա մի փոքր անհասկանալի է: Ով՝ ով, բայց Հովիկ Աբրահամյանը, որն անցել է իշխանական ուղղահայացի բոլոր օղակներով, պետք է քաջածանոթ լինի, թե իշխանությունն ինչպես է տնօրինում պետական բյուջեն: Զարմանալի է, որ Հովիկ Աբրահամյանը զարմանում է: Վերահսկիչ պալատի հաշվետվությունից չէ, որ Հովիկ Աբրահամյանը պետք է տեղեկանար պետական բյուջեի թալանի մասին: Չէ՞ որ միայն առանձին վերցրած ոլորտում չէ, որ նման չարաշահումներ են տեղի ունենում: Ոլորտները փոխկապակցված են, եւ չի կարող մի ոլորտում տիրել բյուրեղյա մաքրություն, մեկ այլ ոլորտում՝ համատարած կոռուպցիա: Հովիկ Աբրահամյանի կոշտ հայտարարությունը թերեւս ներիշխանական ինչ-ինչ կոնյունկտուրային շահերից է բխում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG