Մատչելիության հղումներ

Չեխիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում


Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հայտարարությամբ հանդես գալուց, Պրահա, 13-ը հունիսի, 2013թ.

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հայտարարությամբ հանդես գալուց, Պրահա, 13-ը հունիսի, 2013թ.

Կոռուպցիայի փաստերով հարուցված հետաքննության շրջանակներում ձերբակալվել են վարչապետի օգնականը եւ եւս չորս քաղաքական գործիչներ:

Չեխիայի ոստիկանության հատուկ ջոկատները չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին անցկացրել են գործողություններ երկրի տարբեր քաղաքներում։ Խուզարկությունների արդյունքում առգրավված են մեծ թվով փաստաթղթեր եւ այլ նյութեր։ Ձերբակալվել է վարչապետ Պետր Նեչասի բարձրաստիճան օգնական Յանա Նագյովան եւ վարչապետի հետ առնչություն ունեցող եւս չորս քաղաքական գործիչ։

Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Կուբիցեն երեկ խորհրդարանում ասել է, որ հակակոռուպցիոն ծառայության երկու ներկայացուցիչ եւ երկու դատախազ այցելել են վարչապետ Նեչասին։ «Նրանց խոսակցության թեման այդ կոռուպցիայի գործերով հարուցված հետաքննությունն էր։ Այլ բան հայտնել չեմ կարող», - ասել է Կուբիցեն։

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու անվանի գործարարների գրասենյակներ։

«Կարծում եմ, այս անգամ Պետր Նեչասին ոչինչ չի փրկի, բոլորը գիտեն, թե որքան էր նա մոտ Նագյովայի հետ»,- ասել է «Հոսպոդարսկե Նովինի» հեղինակավոր պարբերականի վերլուծաբան Պետեր Հոնզեյկը։

«Այս ամենը, իհարկե, շատ տգեղ է, այսպես ասած, վատ գովազդ է կառավարության համար, սակայն ես չեմ ուզում մեկնաբանություններ անել` չունենալով անհրաժեշտ տեղեկություններ», - ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։

Զեմանը այսօր ծրագրում է հանդիպել վարչապետ Նեչասին, ազգային ոստիկանոության ղեկավարին ու ընդդիմադիր կուսակցության ղեկավարներին եւ քննարկել ձերբակալությունների հետ կապված իրավիճակը։

Ինքը վարչապետ Պետր Նեչասը երեկ ասել է, թե բնավ չի մտածում հրաժարական ներկայացնելու մասին։ «Անձամբ ես համոզված եմ, որ ես կամ իմ գործընկերներից որեւէ մեկը ոչ մի անազնիվ քայլի չենք դիմել, հետեւաբար` ես չունեմ հրաժարական տալու դրդապատճառ, ուստի կառավարության հրաժարական էլ չեմ ակնկալում», - ասել է Չեխիայի վարչապետը։

Խորհրդարանի մի շարք խմբակցություններ, այդուհանդերձ, արդեն պնդում են, որ վարչապետը պարտավոր է հրաժարական տալ։

Չեխիայում խորհրդարանական համակարգ է, ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG