Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցները համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակներ հանձնեցին


Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը այսօր տեղի ունեցավ համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությունը։

Ինչպես նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման ոլորտներում մրցանակները որոշել են ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպությունը։

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը ազատության պաշտպանի մրցանակը հանձնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին:

«Լեւոնը արտասովոր քաջություն և անձնական նվիրվածություն է ցուցաբերել` պաշտպանելով լայն շրջանակի իրավունքներ և տրամադրելով խոսքի ազատության իրացման բաց հարթակ յուրաքանչյուրին` անկախ քաղաքական, ազգային, սոցիալական կամ կրոնական համոզմունքներից», - ասաց Օլեքսանդր Պավլյուկը։

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը քաղաքացիական ակտիվիզմ մրցանակը հանձնեց «Իրավունքի Եվրոպա Միավորմանը»՝ քվեարկության իրավունքի ապահովման համար։ Մրցանակն ընդունեց կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Եգորյանը։

«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան «Սիվիլնեթին» հանձնեց մեդիա գերազանցության մրցանակը։ ԻՆչպես նշեց Հոֆսթրան՝ տեխնոլոգիական եւ սոցիալական մեդիա օգտագործումը բարելավելու համար եւ հավելեց, որ «Սիվիլնեթը» ներդրում է Հայաստանի լրատվության ապագայի մեջ։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը խիզախ կին մրցանակը հանձնեց Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնեց տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգեւը։

«Նա համայնքի այն առաջնորդն է, որը թափանցիկ եւ ներառական կառավարման օրինակ է ցույց տալիս», - նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը, որը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին, միջազգային կառույցների համատեղ նախաձեռնությունն է` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG