Մատչելիության հղումներ

Դեղերի շուկայում բարձրացել են առաջին անհրաժեշտության որոշ դեղատեսակների գները:

Նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թեժ գիծ զանգած բնակիչները բողոքել են, որ շուրջ 6 անուն դեղամիջոցների գները բարձրացել են: Դրանք հիմնականում սրտանոթային հիվանդությունների, աչքի, գլխացավի, ճնշման եւ արյան համար նախատեսված դեղատեսակներն են:

ՏՄՊՊՀ-ի մրցակցության բաժնի պետ Մանուկ Միքաելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեժ գծով ստացված տվյալներից բացի իրենք ուսումնասիրել են եւս 25 անուն դեղեր: Արդյունքում պարզվել է, որ որոշ դեղատեսակների գները շուկայում բարձրացել են 50-60 տոկոսով:

Մինչդեռ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեղերի թանկացումը համատարած բնույթ չի կրում, եւ, որ վերջին 6 ամսվա ընթացքում դեղերը թանկացել են 3-4 տոկոսով: Ըստ նրա` որեւէ դեղամիջոցի պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաեւ դրանց գները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է այս ուղղությամբ թանկացումը հակառակ տրամաբանությամբ տեղի ունենում, Զաքարյանն ասաց, որ դա բիզնեսի օրենքն է:

Զաքարյանի խոսքով՝ գների բարձրացման առումով բալանսը պահպանվում է: Փաստորեն առավել պահանջարկ ունեցող դեղերի գնի բարձրացումը եւ քիչ սպառում ունեցողների գնի էժանացումը օրինաչափ է համարվում:

ՏՄՊՊՀ-ի մրցակցության բաժնի պետ Մանուկ Միքաելյանն ասաց, որ այս ուղղությամբ սկսված իրենց ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Նրա խոսքով, եթե պարզվի, որ դեղ ներկրող ընկերությունները դեղերի գները բարձրացրել են չհիմնավորված կերպով, ապա նրանք խստագույնս կպատժվեն:

Միքաելյանն ասում է, որ ուսումնասիրությունների ընթացքում էլ պարզվում է, որ բարձրացել են նաեւ դեղերի ներկրման գները, այսինքն որոշ առումով թանկացման հիմքերն արդեն նկատվում են: Պաշտոնական գնահատականները, սակայն, քիչ է հուզում ցածր աշխատավարձով ապրող եւ մշտապես տարբեր տեսակի դեղերից օգտվող քաղաքացիներին: Դեղերի գների անգամ չնչին բարձրացումը նրանք համարում են թալան եւ հավելում, որ դեղերն այսօր անգամ որակ չունեն:
XS
SM
MD
LG