Մատչելիության հղումներ

Առեւտրականները տուժում են «Կիլիկիա»–ՊԵԿ վեճի պատճառով


«Կիլիկիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են բացել իրենց տաղավարները
«Կիլիկիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են բացել իրենց տաղավարները

«Կիլիկիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցները այսօր դարձյալ հավաքվել էին տոնավաճառի առջեւ՝ պահանջելով բացել իրենց տաղավարները եւ թույլ տալ սկսել առեւտուրը:

«Շենքի հե՞տ է ձեր պրոբլեմը՝ լուծեք շենքի հետ, բայց ոչ ժողովրդի։ Էս ժողովրդին այն վիճակում են գցել, որ արդեն քիչ-քիչ հեռանում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց առեւտրական կանանցից մեկը, - «Ես ապրում եմ սրանով, ես իմ եկամուտը այստեղից եմ ստանում, բավականին ներդրում եմ արել»։

Հարկադիր պարապուրդի մատնված առեւտրականները դժգոհում են` վարկեր են վերցրել եւ հիմա ստիպված են անորոշ սպասել` չկարողանալով ապրանքը գոնե այլ վայրում վաճառել։ Առեւտրականները պնդում են, որ իրենք հարկային դաշտում են, օրինական պայմանագրեր են կնքել եւ չեն հասկանում, թե ինչումն է իրենց մեղքը։

«Թող տաղավարները բացեն, յուրաքանչյուրը անցնի իր գործին, իրենք էլ իրենց ներքին խոհանոցը մաքրեն, մենք ի՞նչ անենք», - դժգոհեց առեւտրի կենտրոնի մեկ այլ աշխատակցուհի։

ՊԵԿ աշխատակիցները երկու շաբաթ առաջ այցելել են նորաբաց առեւտրի կենտրոն, եւ հայտարարելով, թե առեւտուրն ապօրինի է, փակել են բոլոր խանութները։

«Կիլիկիա» առեւտրի կենտրոնի հիմնադիրների ներկայացուցիչ Հարություն Պալյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե արդեն միտում է տեսնում դատական իշխանությունների եւ Պետական եկամուտների կոմիտեի գործողություններում՝ խլելու իրենց սեփականությունը։

«Գուցե հազար ու մի մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ մեր երկրում առողջ մարդիկ առողջ ծրագրերով եւ պետական կառուցողական աշխատանքներ կատարեն», - նշեց Պալյանը, - «Ուզում են ոչ միայն խլեն՝ ուզում են վաճառքի հանեն մի կառույց, որը որ արդեն ստեղծված է եւ այլն»։

Կենտրոնի հիմնադիրների ներկայացուցիչը, սակայն, հրաժարվեց կոնկրետ անուններ տալ։

«Դա մենք բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, թող Վերաքննիչ դատարանը բարի լինի քննարկելու», - ասաց Հարություն Պալյանը։

Սնանկացման գործընթացում գտնվող «Լամ» ընկերությունը «Կիլիկիա» առեւտրի կենտրոնը շահագործելու միջոցով առողջացման ծրագիր էր ներկայացրել։ Սեփականատերերը պնդում են, որ դատարանը հետին ամսաթվով չի հաստատել ծրագիրը, ինչից հետո էլ ՊԵԿ-ը կողպել է խանութները:

«Ո՞րն է մեր սխալը։ Ի՞նչ է, իրենք ուզում էին այս գույքը աճուրդի դնեին, վաճառեին, որ որեւէ մեկը տե՞ր դառնար։ Առողջացման ծրագիր է ներկայացվել, որը որ աշխատեր՝ թե՛ պետության հարկերը վճարեր, թե՛ մարդկանց ընտանիքները կարողանային գոյատեւել, աշխատատեղեր ստեղծել։ Չգիտենք՝ որոշ մարդկանց նպատակը որն է», - մեկնաբանեց Հարություն Պալյանը։

Տասնյակ առեւտրականները այսօր մտադիր էին բողոքի ակցիա անցկացնել նախագահի նստավայրի առջեւ, սակայն «Կիլիկիայի» սեփականատերերի ներկայացուցիչը հորդորեց մի քիչ էլ սպասել, քանի որ իրենք փորձում են քաղաքակիրթ ճանապարհով բողոքարկել որոշումը ու դիմումներ են ներկայացրել նախագահին ու վարչապետին եւ խստացավ «այսօր-վաղը» պատասխանը ներկայացնել առեւտրականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG