Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ում տարակուսած են ԵԺԿ-ի նախագահի նամակից


Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենս

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենս

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` Վիլֆրիդ Մարտենսի նամակով տգեղ եւ միաժամանակ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել:

«Ժառանգություն» կուսակցությունում տարակուսած են նախօրեին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Վիլֆրիդ Մարտենսից ստացած նամակի բովանդակությունից:

Եվրոպայի ամենամեծ կուսակցության ղեկավարը գրավոր տեղեկացրել էր, որ կուսակցության` հունիսի 20-ին կայանալիք ընդլայնված գագաթնաժողովին հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են: Մարտենսը, ըստ էության, մեկնաբանել էր, թե ինչու «Ժառանգություն»-ը հրավիրված չէ ԵԺԿ-ի գագաթնաժողովին:

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ իրենք քաջատեղյակ են ԵԺԿ-ի կանոնադրությանը եւ որեւէ ակնկալիք չեն ունեցել, ոչ էլ քննարկել են գագաթնաժողովին մասնակցելու հարցը: Ըստ Սաֆարյանի` Մարտենսի այս նամակով տգեղ եւ միեւնույն ժամանակ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել:
«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյան


«Որեւէ նամակ կամ գրություն մենք չենք ուղարկել ԵԺԿ-ին, որ «խնդրում ենք մեզ հրավիրեք ԵԺԿ-ի գագաթնաժողովին», որպեսզի դրա հիման վրա պարոն Մարտենսը մեզ արձագանքեր: Թեինչին է արձագանքել, թե ինչու են պարոն Մարտենսի խորհրդականները հարկ համարել նման նամակ գրել եւ նման անհեթեթ վիճակ ստեղծել հենց բուն ԵԺԿ-ի համար` սա արդեն իմ մեկնաբանությունների դաշտում չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» քարտուղարը:

Հիշեցնենք, նախագահական ընտրություններից հետո Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ինչին ի պատասխան` ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը կարող է վերանայել ԵԺԿ-ին անդամակցելու հարցը, եթե պարզվի, որ Մարտենսը ներկայացնում է ամբողջ կուսակցության դիրքորոշումը:

Դա ճշտելու նպատակով Ստյոպա Սաֆարյանը նամակ էր հղել ԵԺԿ-ին անդամակցող բոլոր կուսակցություններին, խնդրելով հստակեցնել` արդյո՞ք Մարտենսի խոսքերն արտահայտում են կուսակցության ամբողջական կարծիքը: Որեւէ պատասխան «Ժառանգություն»-ում առայսօր չեն ստացել:

«Խուսափել էին պատասխանել այդ նամակին, որովհետեւ, ըստ էության, ԵԺԿ-ի անդամ կուսակցությունները հրաշալի հասկանում են, որ իրենք այս կամ այն երկրում ընտրությունների լեգիտիմությունը ճանաչող մարմիններ չեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» քարտուղարը:

«Ժառանգություն»-ը այսօր էլ չի քննարկում Եվրոպական ժողովրդական կուսակցությանը իր անդամակցությունը դադարեցնելու հարցը, մինչդեռ երեկվա նամակում Վիլֆրիդ Մարտենսը դարձյալ ընդգծել էր ԵԺԿ-ի լիարժեք վստահությունը Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ:

Ոչ ոք չի ցանկանում խլել Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի հանրապետական կուսակցությանը ԵԺԿ-ից, հակադարձեց Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգության» կապերի ԵԺԿ-ը ղեկավարության հետ չեն, «Ժառանգության» կապերը ԵԺԿ-ի անդամ կուսակցությունների հետ են: Դա հայաստանյան կուսակցություն չէ, որտեղ անձի ֆան-կլուբ լինի կուսակցությունը: Եվ «Ժառանգություն»-ը խնդիր կունենա այդ կուսակցական ընտանիքի հետ այն դեպքում, երբ որ այդ կուսակցական ընտանիքը ինքը բարձրաձայն մեզ հավաստիացնի, որ այո, ինքը խոտորվել է, շեղվել է հռչակված հիմնական սկզբունքներից», - շեշտեց «Ժառանգության» քարտուղարը:
XS
SM
MD
LG