Մատչելիության հղումներ

Ամբաստանյալն ասում է` ինքը ցանկանում էր վախեցնել Հայրիկյանին


Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը չորեքշաբթի առաջին անգամ ներկայացավ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հարցաքննության:

Տուժող Հայրիկյանը նախ մանրամասնորեն պատմեց, թե իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում պարբերաբար տարբեր ճնշումների է ենթարկվել եւ հավաստիացրեց, որ այս տարի հունվարի 31-ին իր դեմ կազմակերպված մահափորձն այդ ամենի շարունակությունն էր:

Հայրիկյանը պատմեց, որ իր դեմ մահափորձի օրը ընկերներն առաջարկել են ուղեկցել տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այսօր էլ Հայրիկյանը հիշեց, որ ավելի վաղ ծանոթները զգուշացրել էին, թե նկատել են ինչպես է մի մեքենա հետապնդել իրեն, սակայն ինքը ուշադրություն չի դարձրել դրան:

Հունվարի 31-ի գիշերը, ժամը 21:00-ի սահմաններում Տպագրիչների փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ նա հանդիպել է մի մարդու, ում ձեռքում ատրճանակ չի նկատել, այլ փաթաթված մի իր, սակայն վայրկյանների ընթացքում հասկացել է, որ դիմացի կանգնածը, ձեռքը իրեն մեկնելով, պատրաստվում է կրակել: Խոսելու ժամանակ չի եղել, բղավել է միայն «հեյ», ինչին հաջորդել է առաջին կրակոցը: Երբ հասկացել է, որ երկրորդ կրակոցը անխուսափելի է, փորձել է խույս տալ:

Այսօր Հայրիկյանը հիշեց նաեւ, որ դեպքից օրերից առաջ էլ եվրոպական արտաքինով մի տղամարդու տեսել էր իր շենքի մուտքում: Վերջինս առանց բարեւելու անցել էր, ինչը Հայրիկյանին տարօրինակ էր թվացել: Արդեն դեպքից հետո Հայրիկյանը կարծել էր, թե կրակողը կարող էր հենց այդ երիտասարդը լինել, բայց քննությունը, փաստորեն, այլ բան էր պարզել:

Այսօր արդեն դատարանում պատասխանելով դատախազ Արամ Ամիրզադյանի հարցին, թե դատարանի դահլիճում կարո՞ղ է ճանաչել իր վրա կրակողին, Հայրիկյանը մատնացույց արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին: Թեեւ Պողոսյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը փորձում էր ապացուցել, որ կրակոցը վախեցնելու, այլ ոչ թե սպանելու միտում է ունեցել, այնուամենայնիվ, Հայրիկյանը պնդում էր, թե իրեն փորձել են սպանել:

«Գրված է` «Հայրիկյանը գոռում էր, ես երկրորդ անգամ կրակեցի, որ չգոռա: Կրակոցով ինչպե՞ս են մարդուն լռեցնում` սպանելով», - ասաց նա:

Ամբաստանյալ Պողոսյանն էլ իր հերթին ասաց, թե Աֆղանստանում կռված տղա է եղել, եթե ցանկանար սպաներ, ապա երկրորդ կրակոցով հաստատ չէր վրիպի:

Սակայն Հայրիկյանը շարունակում էր պնդել, թե հունվարի 31-ի կրակոցները կապ ունեին իր քաղաքական գործունեության հետ: Ըստ նրա` եթե Հայաստանում որոշ ուժեր վստահ չէին, որ ինքը 2013 թվականին կարող էր ձայների մեծ տոկոս հավաքել, ապա իր աղբյուրների համաձայն` Ռուսաստանում կարծում էին, որ եթե Հայրիկյանը թեկնածությունը դրել է, ուրեմն կընտրվի, ինչը Ռուսաստանի համար ցանկալի տարբերակ չէր: Ուստի, ըստ Հայրիկյանի, սա հերթական մահափորձն էր:

Ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն էլ, ով մեղադրվում է Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ, իր հերթին փորձեց հասկանալ, թե ինքը ինչ կապ ունի այս պատմությունների հետ:

«Տրամաբանորեն կապ կա Վարդան Սեդրակյանի եւ 92 թվականից այսքան մահափորձերի հետ», - հարցրեց նա:

«Ես Վարդան Սեդրակյանի անուն չեմ տվել, եւ ընդհանրապես չեմ ասել, որ Դուք կարող եք սրա հետ առնչություն ունենալ: Ես ասում եմ, որ իմ նկատմամբ այդպիսի բան է եղել, եւ ուղղորդողը եղել է ռուսական կայսերապաշտական ուժերը», - պատասխանեց Հայրիկյանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց` Վարդան Սեդրակյանը ոչ մի կապ չունի Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ եւ հետաքննության ընթացքում սխալ ցուցմունք էր տվել Սեդրակյանից գումար շորթելու նպատակով:

Դատական նիստի ընդմիջման ժամանակ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, թե փողի մասին խոսող մարդուն չի ուզում անդրադառնալ:

«Եթե ասում է`փողի համար է արել, ի՞նչ կարիք կա խորանալու, դժբախտ մարդ է նա: Ինձ էդ բոլորը չի հետաքրքրում: Այն ինձ, ինչ հետաքրքրում է, ես գիտեմ, ու լավ գիտեմ... Վարդան Սեդրակյանը միջնորդ է», - հայտարարեց նա:

Հայրիկյանի հարցաքննությունը այսօր ավարտվեց, դատական հաջորդ նիստը նշականակվեց հինգշաբթի օրը, որի ընթացքում տեղի կունենա ապացույցների հետազոտություն:
XS
SM
MD
LG