Մատչելիության հղումներ

Հայ եւ ֆրանսիացի դերասանները կներկայացնեն Թումանյանի հեքիաթները


Հունիսի 15-ին եւ 16-ին Երեւանում հայ դերասանուհի Սաթե Խաչատրյանը եւ ծագումով Կարիբյան կղզիներից դերասան Յաննիկ Լուին (Յաոն) երեք լեզուներով կներկայացնեն Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

Դերասանները հեքիաթները պատմելու են հայերեն, ֆրանսերեն եւ Կարիբյան կղզիների պաշտոնական լեզվով` կրեոլով: Նպատակը հեքիաթների միջոցով հայկական մշակույթը ներկայացնելն է: Իսկ Թումանյանը իր պարզության եւ միեւնույն ժամանակ իր խորության համար է ընտրվել:

«Ես ինչ-որ էսքպերիմենտներ անելու համար չեմ այս ձեւաչափն ընտրել, իմ ստեղծագործական ելակետը դա չէ: Նպատակս մեկն է` լայնացնել հորիզոնները, բացել այն բոլոր դռները, որոնք երբեմն թույլ չեն տալիս, որ ուրիշներն էլ վայելեն մեր մշակույթը: Պարզապես փորձել ենք հնարավոր թյուն տալ ուրիշներին` ճանաչելու այն, ինչ-որ մենք ունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաթե Խաչատրյանը:

Ներկայացումների մեջ հնչելու են եւ կարիբյան ազգային երաժշտություն, եւ հայկական: Յաոն հայկական մշակույթը ֆրանսիացիներին ներկայացնելու համար է սովորել հայերեն երգել:

Ներկայացնելու են Թումանյանի 6 հեքիաթները: Արդեն խաղացել են ֆրանսիացի հանդիսատեսի համար: Հարցին, թե ֆրանսիացիները ինչպե՞ս են ընդունում հայերենով ներկայացումը, Յաոն արձագանքեց, որ հեքիաթների ասելիքը բոլոր լեզուներով նույնն է, իսկ լեզուն հանդիսատեսի ընկալման համար խոչընդոտ չէ:

«5-105 տարեկան մանուկների համար է: Ֆրանսիացի հանդիսատես ենք ունեցել, որ ներկայացման ընթացքում սկսեցին խոսել, այնքան մտան պատմության մեջ: «Կիկոսի մահը» հեքիաթն էր», - ասաց Սաթե Խաչատրյանը:

Ամեն դեպքում, նա նշեց, որ ներկայացումն ուղեկցվել է ֆրանսերեն մեկնաբանություններով:

Ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆի եւ ջազ երաժիշտ Անդրե Մանուկյանի միջոցով հայերին ճանաչող Յաոն Հովհաննես Թումանյանի եւ հայկական հեքիաթների մասին ասաց. - «Թումանյանը գիտակցություն արթնացնող հեղինակ է, կարծում եմ` նա բոլորի համար է: Երբ մեր հանդիսատեսը բաղկացած է երեխաներից, դեռահասներից կամ մեծահասակ մարդկանցից, յուրաքանչյուրը իր համար ինչ-որ բան է վերցնում ներկայացումից»:

Ներկայացումները կխաղան նաեւ Գորիսում, Սեւանում, Վարդենիսում Սիսիանում, Գավառում եւ Ջերմուկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG