Մատչելիության հղումներ

«Արմավիայի» նախկին աշխատակիցները կրկին պահանջում են իրենց աշխատավարձերը


«Արմավիա» ավիաընկերության ավելի քան երեք տասնյակ նախկին աշխատակիցները աշխատավարձերի վճարման պահանջով չորեքշաբթի օրը հավաքվել էին ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի մոտ:

Հավաքվածները պնդում էին, որ չնայած «Արմավիան» հայտարարել էր, թե հունիսի 7-ից սկսել է մարել աշխատավարձերի պարտքերը, սակայն իրենք նոյեմբերից հետո աշխատավարձ չեն ստացել:

«Մենք սպասում ենք Հայաստանում, որ այստեղ աշխատենք, ու մեր աշխատավարձը որ տան, մենք էլի կսպասենք», - ասում էր աշխատակիցներից մեկը:

Այդուհանդերձ, սնանկության գործընթաց սկսած ընկերության նախկին աշխատակիցներից ոմանց 1-2 ամսվա աշխատավարձեր մարվել են: աշխատակիցները. - «Երկու ամսվա` հոկտեմբեր, նոյեմբերի աշխատավարձ են տվել միայն բորտուղեկցորդնին, մնացած ինժեներատեխնիկական անձնակազմը եւ օդաչուները անտեսվել են: Դա է իրականությունը, ոչ թե այն ինչ հայտարարել է «Արմավիան», որ վերջապես մենք աշխատավարձերը վճարեցինք»:

Բողոքի ակցիային ներկա օդաչուներն ոմանք ասում էին, որ իրենց գործընկերներից ոմանք արդեն լքել են երկիրը եւ աշխատանք են գտել այլ երկրներում: Նրանք այլեւս դժվար ուզենան վերադառնալ Հայաստան, քանի որ պայմանագրեր են կնքել ու իրենց ավելի պաշտպանված են զգում օտար երկրում, քան հայրենիքում, որտեղ ամիսներ շարունակ չեն վճարվել կատարած աշխատանքի դիմաց, մտահոգվում էին «Արմավիայի» նախկին աշխատակիցները:

«Արմավիայի» նախկին աշխատակիցներն ավելի քան մեկ ժամ սպասեցին ընկերության շենքի առջեւ, սակայն նրանց ոչ ոք չմոտեցավ: Փոխարենը ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մի քանի անգամ երեւաց դռների արանքում ու ներս մտավ: Նախկին աշխատակիցներից երկուսն այդ ընթացքում մտան շենք, վերադարձան ու ասացին, որ զրուցել են ընկերության ֆինանսական բաժնի պետի հետ. - «Նա մեզ պատասխանեց, որ սպասվում է գումար, էսօր, վաղը, մյուս օրը կլինի, կտան, բայց չգիտի` ինչքան կլինի, ու ասաց` հուսով եմ, որ գոնե նոյեմբերը կփակվեն»:

«Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ աշխատավարձերի պարտքի մի մասը մարվել է հունիսի 7-ին, եւ վճարումները անպայման շարունակվելու են:

«Ոչ մեկը չի մնալու առանց աշխատավարձի, ուղղակի ամեն ինչ կախված է «Արմավիայի» պարտքատերերից: Հիմա մենք սպասում ենք, որ «Ավիասերվիսը» փակի պարտքը: Հենց որ իրենց պարտքը փակվի, նորից բոլորին կկանչեն` ըստ ցուցակի, եւ կստանան իրենց փողերը», - ասաց Ավետիսովան:

Կառավարության նախորդ նիստից հետո, հիշեցնենք, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, որ «Օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգի» քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ «Արմավիայի» նախկին աշխատակիցների հետագա աշխատանքի հարցին:
XS
SM
MD
LG