Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի ՆԳ նախարարը խոստանում է վերացնել «կեղտոտ արխիվը»


Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլի, արխիվ

Իրավապահների գործողությունները կանոնակարգելու հարցերը Վրաստանում քննարկման առարկա են դարձել:

Վրաստանի ներքին գործերի նախարարը խոստացել է ոչնչացնել անօրինական ճանապարհով ձեռք բերված գաղտնի արխիվը, որը պարունակում է քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին վարկաբեկող տեսագրություններ, ձայնագրություններ, գաղտնալսումներ, լուսանկարներ: Դրանց մեծ մասը անօրինական ձեւով արվել են Սաակաշվիլիի կառավարության ժամանակ:

Ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր տեսագրությունների, ձայնագրությունների մասին ասել է, թե դրանք անձնական կյանքի կեղտոտ արխիվ են` խոստանալով ոչնչացնել նախարարությունում պահվող այդ նյութերը:

Նման նյութերից ձերբազատվելու եւ հետագայում իրավապահների գործողությունները կանոնակարգելու հարցերը Վրաստանում քննարկման առարկա են դարձել:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով հիմա Վրաստանում իրավական բարեփոխումների Եվրամիության հատուկ խորհրդականն է, անցած ամիս ելույթ ունենալով Թբիլիսիում` Վրաստանի կառավարությանը կոչ է արել հստակ կանոններ սահմանել, թե գաղտնի տեսագրությունները երբ, ինչ պայմանների դեպքում կարող են պատվիրվել եւ հետագայում ինչպես կարող են օգտագործվել:

«Սկզբունքը պետք է այն լինի, որ նման տեսագրություններ կատարելը հանցագործություն է, շանտաժի համար դրանց օգտագործումը հանցագործություն է, դրանց պահելը միայն, ասենք, ձեռքի տակ ունենալու համար նույնպես հանցագործություն է, եւ, իհարկե, դրանց տարածումը, արտահոսքը, ուրիշներին փոխանցումը եւս հանցագործություն է», - ասել է Համմարբերգը:

Վրաստանի խորհրդարանի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դատարանները հիմնականում բավարարել են գաղտնի լրտեսություն կատարելու` իրավապահների դիմումները: Օրինակ, 2012 թվականին, խորհրդարանական ընտրությունների լարված շրջանում գաղտնալսումներ կատարելու թույլտվություն ստանալու համար դատարանները 5 հազար 951 դիմում են ստացել եւ մերժել են ընդամենը 12-ը:

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, ով ենթադրաբար իր 8 տարվա պաշտոնավարման ընթացքում կառավարել է գաղտնի լրտեսումները, անցած ամիս կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Ըստ որոշ մեկնաբանությունների` նրա կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի:

Բայց Իվանիշվիլիի կառավարության ներքին գործերի նախարար Գարիբաշվիլին ասել է, որ արխիվների զտումը քաղաքական աստառ չունի, եւ օրինակ է բերել հենց իր տեղակալ Գելա Խվեդելիձեի ձերբակալությունը: Վերջինս ձերբակալվել է սեքս տեսանյութի պատճառով, գաղտի տեսագրության մեջ նրա անձնական հակառակորդներից մեկն էր:

Վրաստանի ներքին գործերի նախարարը ասել է, թե որեւէ մեկին պաշտպանելու մտադրություն չունի` ո՛չ իր ընտանիքի անդամներին, ո՛չ իր ընկերներին կամ հարազատներին: Այդ ժամանակները Վրաստանում ավարտվել են, հայտարարել է նա:

Սակայն փորձագետները նշում են, որ այսպես կոչված «կեղտոտ սպիտակեղենից» ազատվելը այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավոր է` գաղտնի նյութերի զտումը կատարվի հանձնաժողովի անդամների ներկայությամբ, որի կազմում ընդգրկված լինեն պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարծիքներ կան, որ դրանց մի մասը պետք է պահպանել պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելու համար:

Շատ հնարավոր է, որ գաղտնի նյութերի կրկնօրինակներ լինեն: Պաշտոնյաները հավաստիացնում են, որ դրանք ինքնակամ հանձնողները պատասխանատվության չեն ենթարկվի: Նախատեսվում է նման համաներումը ամրապնդել խորհրդարանի որոշմամբ:

Իվանիշվիլիի կառավարության շրջանում, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում դատարանները ավելի քան 1000 դիմում են ստացել գաղտնալսումների թույլտվության խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG