Մատչելիության հղումներ

logo-print

Հայրապետյան. «Հրաժարվելու ցանկություն ունեմ»


Ռուբեն Հայրապետյանը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երեւան, 12-ը հունիսի, 2013թ.

Ռուբեն Հայրապետյանը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երեւան, 12-ը հունիսի, 2013թ.

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում խաղը՝ հատկապես նախորդ պարտությունից հետո այս հաղթանակը, ըստ էության, անսպասելի էր շատերի համար։ Ինչո՞վ էր պայմանավորված ե՛ւ պարտությունը, ե՛ւ հաղթանակը։

Հայրապետյան. - Անսպասելի չէր։ Իրենք արել են այն, ինչ-որ պարտավոր են անել։ Երբ որ իրենք մինչեւ այդ չեն արել, մեզ թվում է՝ անսպասելի է։ Ոչ, ուղղակի մեր հավաքականը մյուս խաղերը շատ վատ է խաղացել, հիմա խաղացել են ոչ թե շատ լավ, այլ ուղղակի արել են իրենց գործը, որ պիտի անեին։

«Ազատություն». - Ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը։

Հայրապետյան. - Փոփոխություն չկա։ Բազմաթիվ պատճառներ կային։ Նախ՝ իմ անձնական կարծիքն է՝ իրենք Մալթային թերագնահատելով մտան խաղադաշտ, համարելով, որ իրենք ավելի բարձրակարգ թիմ են, եւ պատժվեցին։ Իսկ Դանիայում մտան նվիրումով, անմնացորդ ամեն ինչ արեցին, այսինքն արեցին իրենց աշխատանքը, որը պարտավոր են ամեն խաղին անել, եւ ունեցանք արդյունք։

«Ազատություն». - Իսկ Ձեր ներգրավվածությունը ինչ-որ առումով ազդեցություն ունեցա՞վ։

Հայրապետյան. - Բնականաբար, ֆեդերացիան անում է աշխատանքներ։ Թիմի մոտ կային հոգեբանական պրոբլեմներ։ Մենք պարտավոր ենք անել այն ամեն ինչը, որ հոգեբանական բարիերը հաղթահարեին տղաները։ Կարծում եմ՝ ստացվել է։

«Ազատություն». - Ինչ-որ փոփոխությունների անհրաժեշտություն Դուք տեսնո՞ւմ եք այսօր։

Հայրապետյան. - Իհարկե՝ ոչ։ Փոփոխությունները պիտի իրենց մտածելակերպի մեջ լինեն ուղղակի, որը, ես կարծում եմ, արդեն իրենք հասկացել են։ Եվ ես կարծում եմ նաեւ մի քիչ մենք էլ էինք մեղավոր, որ շատ մեծարեցինք, եւ, ինչպես բոլոր հայ ֆուտբոլիստները, եղել է պահ, որ ոտները կտրվել էր գետնից, բայց կարծում եմ՝ իրենք հիմա ամուր գետնի վրա են կանգնում։ Աստված տա, որ պահպանեն իրենց այդ մարզավիճակը, իրենց այդ մտածելակերպը, որ չի կարելի ժողովրդի ու երկրի հատ խաղ անել, երկրպագուի հետ խաղ անել։ Պիտի կամ նվիրվածությամբ մտնել դաշտ եւ խաղալ, կամ չանել։

«Ազատություն». - Պարտությունից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաեւ Ձեր հասցեին, պարոն Հայրապետյան, որ պետք է նաեւ ֆեդերացիայի նախագահը փոխվի, որ ինչ-որ մի բան ֆուտբոլում փոխվի։

Հայրապետյան. - Դա նորմալ է, միշտ էլ դա եղել է։ Հաղթանակները հաղթում են ֆուտբոլիստներն ու մարզիչը, պարտության պատասխանատուն՝ միշտ ֆեդերացիայի նախագահն է։ Նորմալ եմ համարում քննադատությունը։ Այո, ինչու չէ, քննադատությունը նաեւ օգնում է մեզ։

«Ազատություն». - Հրաժարվելու ցանկություն չունե՞ք ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

Հայրապետյան. - Ազնվորեն ասած՝ ունեմ։

«Ազատություն». - Ինչո՞ւ։

Հայրապետյան. - Որովհետեւ Դուք ուզում եք։ Իսկ որ ժողովուրդը մի բան ուզում է՝ ես անում եմ։
XS
SM
MD
LG