Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի վաղ առավոտյան Կոպենհագենից Երեւան վերադարձան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

Նրանց դիմավորելու համար օդանավակայան էին եկել հավաքականի երկրպագուները, ովքեր ծափողջյուններով դիմավորեցին մարզիկներին:

Ֆուտբոլիստները հրաժարվեցին հարցերին պատասխանել, քանի որ շատ հոգնած էին: «Ազատություն» ռադիոկայանի մի քանի հարցերի պատասխանեց միայն հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Նրա խոսքով` Մալթայից պատահական պարտություն կրելուց հետո իրենց շատ էին քննադատում, եւ Դանիայի հետ խաղով իրենք ապացուցեին, որ կարող են բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Հաղթանակը, իհարկե, շատ է փոխել նաեւ թիմի տրամադրությունը. - «Ուղղակի ուրախանում էինք, գիտակցում էինք նաեւ` ինչ կարեւոր հաղթանակ է»:

Այն հարցին, թե ինչ փոխվեց հավաքականում Դանիայի հետ խաղից առաջ, Մանոյանը դժվարացավ պատասխանել: Մյուս հարցին` արդյոք ճի՞շտ է, որ հավաքականի ներսում իրավիճակը լարված է, Մանոյանը արձագանքեց, որ նման բան չի կարող լինել, իրենք բոլորը ընկերներ են:

«Մեր տղաները ու թիմը այդ հնարավորությունը ունեն, որ այսպիսի խաղ ցուցադրենք եւ այսպիսի հավաքականների այսպիսի հաշվով հաղթենք, ուղղակի չէր ստացվում ինչ-որ պատճառներով, հիմա այդ ամեն ինչը ոնց որ մի կողմ դրվեց, ու այդ ամեն ինչը ստացվեց», - ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` խաղից առաջ մտածո՞ւմ էր ինչ-որ մեկը, որ նման հաշիվ կլինի, Դավիթ Մանոյանը պատասխանեց. - «Սուտ կլինի ասել, որ հենց 4:0 էինք պատկերացնում, բայց բոլորս վստահ էինք, որ հաղթելու ենք, ու անգամ վստահ էինք, որ մեծ հաշվով, բայց 4:0` չէինք մտածում»:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի կարծիքով` այս հաղթանակը անհրաժեշտ էր ոչ միայն երկրպագուներին, այլեւ հավաքականի ֆուտբոլիստներին, այն ինչ-որ չափով վերականգնեց հավատը սեփական ուժերի հանդեպ: Գիլոյանը անկեղծացավ, որ Մալթայի հետ խաղից հետո որոշակի հիասթափություն կար նաեւ իր մոտ, բայց այս խաղից հետո ամեն ինչ փոխվել է:

«Դանիային հաղթելը... Պատկերացրեք` 20-րդ հորիզոնականում է հիմա Դանիան ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, մենք` 89-րդ, հսկայական տարբերություն, եւ հետո գիտենք` Դանիան փառահեղ ֆուտբոլային ավանդույթներ ունի, հրաշալի կատարողներ, եւ նաեւ այս թիմում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Եվ հաղթել Դանիային այսպիսի վառ ֆուտբոլով, այսքան գեղեցիկ գոլերով... Հատկապես Հենրիխ Մխիթարյանի գոլը շատ լուրջ ապտակ էր ամբողջ դանիական ֆուտբոլին», - ասաց մարզական մեկնաբանը:

Ֆուտբոլային հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը ասել է, որ թեեւ Հայաստանը հիանալի խաղ ցուցադրեց, բայց արդեն կորցրել է խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը: Նա նաեւ անկեղծացել է, որ Հայաստան - Մալթա խաղից հետո շատերը Դանիայում մտածում էին, թե Հայաստանի հետ հեշտ է լինելու, բայց ինքը լրիվ այլ կարծիքի էր: «Ես գտնում եմ, որ Հայաստանը շատ լավ թիմ ունի», - ասել է Օլսենը:

Որպես իր թիմի անհաջող խաղի պատճառ Դանիայի մարզիչը նշել է նաեւ խաղադաշտի վիճակը` ասելով, որ նման խաղադաշտում հանդիպումներ անցկացնել չի կարելի:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խաղին հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ այս հանդիպմանը բոլորը տեսան այն հավաքականը, որը սովոր էին տեսնել: Ըստ նրա` Մալթայից պարտություն կրելուց հետո փոխվել էր ֆուտբոլիստների հոգեբանությունը: Ընկճվածություն կար, բայց այս խաղի ընթացքում ամեն ինչ փոխվեց, եւ գրանցված խոշոր հաշվով հաղթանակը պատահական չէր:

Արդյունքի մասին խոսելով` Մինասյանը ասել է, որ հաշիվը իր համար անակնկալ էր, մինչդեռ խաղի մակարդակը` ոչ:

Հարցին` արդյոք հավաքականը շարունակելո՞ւ է պայքարել խմբից դուրս գալու համար, Մինասյանը պատասխանել է, որ պայքարելու են ցանկացած խաղում հաղթելու համար, ինչն էլ կբերի ցանկալի արդյունքի:

Դանիա - Հայաստան խաղում խոշոր հաշվով հաղթանակը ոգեւորության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում: Կեսգիշերին Հանրապետության հրապարակում ֆուտբոլասերները տոնում էին հավաքականի հաղթանակը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG