Մատչելիության հղումներ

Հունիսի 12-ի մամուլ


Դանիայի ընտրանու նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` նախօրեին տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այս խաղը մեր հավաքականի համար պատվի խաղ էր` Մալթայից կրած պարտությունից հետո: Այժմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի ընտրական փուլում, 6 խաղից վաստակելով նույնքան միավոր, B խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը»:

«Առավոտ»-ի խմբագիրը զուգահեռներ է անցկացնում ֆուտբոլի եւ քաղաքականության միջեւ. - « Մալթայի թույլ հավաքականին տանը պարտվելուց հետո նրանք մի քանի օր «կենտրոնացան», վերլուծեցին վատ խաղի պատճառները եւ հյուրընկալվելիս ջախջախեցին շատ ավելի հզոր Դանիայի թիմին: Կարելի էր, չէ՞, հուսահատվել եւ ընդհանրապես խաղադաշտ դուրս չգալ կամ դուրս գալ ու վազել հղի կանանց նման: Դա կլիներ այն, ինչ երբեմն անում են մեր քաղաքական ուժերը եւ մեր քաղաքացիները: Բայց հայ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են եւ մեկ (մի քանի) անգամ քթին հարված ստանալով` չեն սկսում նվնվալ: Նույնը` քաղաքականության մեջ: Նույնը՝ քաղաքականության մեջ: Հիմա, համենայնդեպս՝ մինչեւ սեպտեմբեր ՙհարաբերական անդորրի՚ եւ, հետեւաբար, կենտրոնանալու ժամանակն է: Անցած ընտրական ցիկլը ոչ միայն ընդդիմության, այլեւ (համաձայնվենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ) հասարակության, ժողովրդի պարտությունն է: Այս 2-3 ամիսը քաղաքական ուժերը կարող են օգտագործել՝ կատարվածը իմաստավորելու, վերլուծելու, հետեւություններ անելու համար: Ցավոք, առայժմ նման միտումներ չեն նկատվում՝ կուսակցությունները շարունակում են կրկնել իրենց դատարկ բանաձեւերը»:

Արձագանքելով վերջին շրջանում մամուլում եռանդով շրջանառվող «օֆշորային բացահայտումներին»` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Հենց Հայաստանում, հենց բոլորի քթի տակ տեղի են ունենում այնպիսի աղաղակող իրողություններ, այնպիսի անարդարություններ եւ անիրավություններ, սոցիալական այնպիսի կատակլիզմներ, որոնք, ըստ էության, հազար օֆշորային նման սկանդալ արժեն: Նման սկանդալները աղմկահարույց կամ դարի սկանդալ են լինում այն երկրներում, որտեղ չկա համատարած աղքատության կամ սոցիալական համատարած անարդարության, համատարած արտագաղթի, կամայական դատարանների եւ նմանօրինակ շատ ու շատ խնդիրներ: Իսկ Հայաստանում այդ խնդիրներն այնքան շատ են եւ այնպես աղաղակող, որ իրապես հասարակական ու պետական կյանքով մտահոգվելու պարագայում դրանք վաղուց արդեն պետք է դառնային հրաժարականների, քաղաքական պահանջների առիթներ: Սակայն մտահոգ քաղաքական ուժերն այս ամենի հանդեպ դարձել են ընդամենը արձանագրողներ»:

«Ժողովուրդ» թերթը զրուցել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ռուստամ Գասպարյանի հետ: Անդրադառնալով իրենց սոցիալական պայմաններից դժգոհող ազատամարտիկների` վերջին շրջանում հաճախակի դարձած բողոքի ակցիաներին, լրագրողը հարց է տալիս. - «Ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը, պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բանով օգնել Ձեր մարտական ընկերներին: Որպես օրենսդիր մարմնի անդամ գուցե այդ հարցը բարձրացնե՞ք Ազգային ժողովում»: Ռուստամ Գասպարյանի պատասխանը. - «Այսօր մի բան պետք է հասկանալի լինի. այդ տղաները, որ գնացին պատերազմ, իրենք գործ էլ ունեին, փող էլ ունեին: Մարդիկ եղան, որ իրենց տները ծախեցին ու զենք-զինամթերք գնեցին` հավատալով լավ օրվան, վաղվա օրվան, լավ ապրելուն: Բայց այսօր այդ մարդիկ դրսում են մնացել: Այսօր այդ մարդիկ իրավունք ունեն պահանջելու, այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր կա այս երկիրը, այս պետությունը կա, պատմությունը կա, անկախությունը կա: Ու այդ մարդիկ այսօր հաց են մուրում ապրելու համար»: Հարց. - «Այս ամոթալի իրավիճակի համար, ըստ Ձեզ, ո՞վ է պատասխանատու»: Պատասխան. - «Իհարկե, ամոթալի իրավիճակ է ստեղծվել: Այդ մարդկանց հպարտությունը թույլ չի տա, որ ինչ-որ օգնություն վերցնեն: Ուղղակի այդ մարդիկ պայմաններ են ուզում ապրելու համար: Այդ մարդիկ աշխատանք են ուզում, այդ մարդիկ իրենց արածի գոնե ինչ-որ արտոնություն են ուզում, այդ մարդիկ հիվանդություն են ձեռք բերել պատերազմի դաշտում, առողջություն են կորցրել, ու նրանք այսօր հիվանդանոց գնալու հնարավորություն չունեն: Գոնե իրենց համար ինչ-որ զեղչեր լինեն այդ առումներով: Մի բան հստակ է` այդ մարդկանց համար անպայման պետք է պայմաններ ստեղծվեն, որովհետեւ նրանք արժանի են դրան»:

Մեկնաբանելով Համաշխարհային բանկի հրապարակած այն տվյալները, ըստ որոնց աղքատության մակարդակով Հայաստանն ԱՊՀ երկրներից զիջում է միայն Տաջիկստանին` «Չորրորդ ինքնիշխանությունը» հեգնում է. - «Համաշխարհային բանկի վերլուծաբաններն ակնհայտորեն ետ են մնում ժամանակից ու Տիգրան Սարգսյանի վերջին ելույթները չեն լսել: Ավելին` նրանք տեղյակ չեն, որ ՀՆԱ եւ զուգարանների համար հատկացված գումարներ հարաբերակցությամբ Հայաստանն աշխարհում առաջինն է եւ գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Շվեյցարիան»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG