Մատչելիության հղումներ

Գործադուլին չմասնակցող փաստաբանները եւս դժգոհ են Վճռաբեկից


Հայաստան -- Փաստաբանների գործադուլի առնչությամբ կազմակերպված քննարկման ժամանակ փակցված պաստառներից մեկը, Երեւան, 10–ը հունվարի, 2013
Հայաստան -- Փաստաբանների գործադուլի առնչությամբ կազմակերպված քննարկման ժամանակ փակցված պաստառներից մեկը, Երեւան, 10–ը հունվարի, 2013
Փաստաբանների նախաձեռնած գործադուլին մասնակցում է նրանց շուրջ 15 տոկոսը: Մինչդեռ նրանք, ովքեր այս օրերին աշխատում են, համաձայն են բողոքի դուրս եկած գործընկերների հետ:

Փաստաբանները բողոքում են Վճռաբեկ դատարանի կամայական ու անկանխատեսելի գործողությունների դեմ:

Նրանք պարզաբանում են, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլեւ շատ հաճախ դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը վարույթ չընդունվեց:

Փաստաբանները պահանջում են պատճառաբանված որոշումներ կայացնել, այլ ոչ թե շաբլոնային արտահայտություններով առանց պատճառաբանությունների պատասխան նամակներ ուղարկել: Նրանք նշում են, որ օրենքով Վճռաբեկը պարտավոր է պատճառաբանել իր որոշումները, մինչդեռ իրականում նշված պատճառաբանությունները հեռու են այդպիսին լինելուց:

Հայաստանի փաստաբանական պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ ինչպես ինքն, այնպես էլ փաստաբանների պալատի նախագահը եւս բողոքներ ունեն: Բայց այս անգամվա գործադուլին չեն միացել, որովհետեւ սպասում են իրենց ներկայացրած խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին:

«Մենք ասացինք՝ սպասենք կառավարությունն իր դիրքորոշումը հայտնի, եթե տեսնենք, որ այդ հաստատված նախագծով իրոք ոչինչ չի փոխվելու, այլ մի բան էլ մեր վիճակը ավելի վատթարանալու է, այսինքն այստեղ կլինի՝ օբյեկտիվ մենք բոլոր գործիքներից օգտվեցինք՝ դուռը փակվեց», - ասում է փաստաբանը։

Խոսքը վերաբերում է օրենսդրության այն փոփոխությունների, որոնք նախորդ տարվա գործադուլից հետո նախաձեռնեց Վճռաբեկ դատարանը: Զոհրաբյանի տվյալներով, օրենսդրական փոփոխություններն այժմ կառավարությունում են գտնվում: Նա նշում է, որ նախորդ տարի կազմվեց հանձնախումբ, որն էլ տարբեր քննարկումներից, միջոցառումներից հետո գործադուլ նախաձեռնեց: Զոհրաբյանն իր մի քանի գործընկերների հետ միասին հանձնախմբի կազմում էր: Գործադուլից հետո Վճռաբեկը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, ինչը փաստաբանների բարձրացրած խնդիրներին կարող է լուծում տալ: Բայց, ինչպես փաստաբաններն են նշում, այդ լուծումները ամբողջական չեն կարող լինել, առավել կարեւոր են քաղաքական կամքն ու դատական իշխանությունների անկախությունը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը եւս նախորդ տարվա գործադուլի հանձնախմբի կազմում էր: Նա, թեեւ չի մասնակցում այս տարվա գործադուլին նույն պատճառով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս քննադատեց Վճռաբեկին: Նրա տվյալներով, Վճռաբեկն առանց որեւէ պատճառաբանության իրեն ուղղված բողոքների չնչին մասն է վարույթ ընդունում՝ անորոշություն ստեղծելով իրենց համար: Մեժլումյանը եւս կարծում է, որ օրենսդրական առաջարկվող փոփոխությունները չեն կարող ամբողջական լուծում տալ խնդրին:

«Այնտեղ ընդամենը մի դեպքում է ասվում, որ պետք է հիմնավորվի։ Այսինքն օրենքի միատեսակ կիրառության դեպքն է։ Իսկ առերեւույթ խախտման մասով նման պահանջ չկա հիմնավորման։ Օրենքը կընդունվի, մենք հավանաբար պետք է ճնշում գործադրենք, որ գոնե Ազգային ժողովում այդ փոփոխությունները կատարվեն», - նշեց Մեժլումյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին բարեփոխման ենթարկվող Հայաստանի դատական համակարգը դեռ կարիք ունի բարեփոխումների: Չկիսելով որոշ փաստաբանների ու իրավապաշտպանների գնահատականներն այն մասին, թե դատական իշխանությունը գործադիրի կցորդն է, նա այս հարցում խնդիր է համարում օրենսդրությունը:

«Այս կոնկրետ խնդրի վերաբերյալ ինձ թվում է, որ խնդիրը ավելի շատ համապատասխան օրենսդրական կարգավորումների ոչ հստակ լինելու մեջ է, ինչը նույն դատավարական դրույթների տարբեր մեկնաբանության տեղիք է տալիս», - նշեց Քոչարյանը։

Վաղը գործադուլավոր փաստաբանները կանցնեն աշխատանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG