Մատչելիության հղումներ

Երեւանի հրապարակների վերակառուցման մրցույթ է հայտարարվել


Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել ոչ միայն Հանրապետության հրապարակի վերակառուցման, այլ նաեւ Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հրապարակների համար:

Մրցույթի հրավերի հայտարարությունն արդեն երեկ տեղադրված էր քաղաքապետարանի կայքէջում ու մրցույթի մասնակիցներին շահագրգռելու նպատակով նշվում է, որ ներկայացված առաջարկներից ընտրված երեք լավագույնների հեղինակները համապատասխանաբար կպարգեւատրվեն մեկ միլիոն, հինգ հարյուր հազար եւ երկու հարյուր հիսուն հազար դրամով:

Քաղաքապետարանը շատ կարեւորում է, որ այս վայրերում լինեն ստորգետնյա տարածքներ, ուշադրություն դարձվի հասարակական զուգարանների, անցուղիների, լուսաերաժշտական շատրվանների կառուցմանը, կանաչապատմանը եւ այլն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում ներկայացված հրապարակների վերակառուցման խնդիր չկա:

«Անցյալ տարի համոզեցին ամբողջ ժողովրդին, որ որեւէ փոփոխություն քաղաքի կենտրոնում չի արվի, մինչեւ չընդունվի համապատասխան օրենք: Այսօր, օրենքը չընդունված, ամեն ինչը դրած կողքի սկսել ծավալային վերափոխումը Երեւանի` ինձ համար լուրջ խնդիր է», - ասում է ճարտարապետը:

Քաղաքապետարանի մրցույթի հրավերի հայտարարության մեջ առաջարկ կա մտածել այդ վայրերում արձաններ, կանգառներ, նստարաններ, էկրաններ, լուսատուներ եւ այլ էլեմենտներ տեղակայելու մասին:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի վաղ ասել էր, թե մրցույթի անցկացումը չի նշանակում, որ արդեն հաջորդ օրն այդ տարածքում ինչ-որ քայլեր են իրականացվելու եւ նշել էր, որ անպայման հաշվի է առնվելու նաեւ երեւանցիների կարծիքը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG