Մատչելիության հղումներ

«Հայկական վիրտուալ շրջայցեր» նախագիծի գաղափարը համահեղինակների մոտ հայտնվել է 2010 թվականին. որոշեցին հատուկ լուսանկարների միջոցով հանրությանը ճանաչելի դարձնել Հայաստանի պատմամշակութային արձանները:

Նախագծի համահեղինակ, լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց կայքի վիրտուալ շրջայցն իրականանում է ոչ թե 3D ձեւաչափով, այլ լուսանկարների հատուկ մոնտաժի միջոցով:

«Մարդ` իր կանգնած տեղից պտտվելով իր առանցքի շուրջ ինչ տեսնում է, նույն տպավորությունը կարող է ստանալ կայքում»,-նշեց նախագծի համահեղինակը:

Նախագծի շրջանակներում առաջին լուսանկարներն արվեցին 2011 թվականի ապրիլին Գառնիում, սակայն նկարահանման համար համապատասխան թույլտվություն չունենալու հետեւանքով նախագիծը ժամանակավորապես դադարեց, այնուհետեւ վերսկսվեց 2012-ի սեպտեմբերին:

Հենց այդ տարի սկսեց գործել 360arm.am վիրտուալ շրջայցերի կայքը, որը, նախագծի հեղինակների խոսքով, որեւէ շահույթ չի հետապնդում: Նախագծի կայքի եւ ծրագրային ապահովման պատասխանատու Սեւադա Ղազարյանի խոսքով` սա ավելի շատ հոբբի է, հենց այդ պատճառով են մերժել տուրիաստական բազմաթիվ գործակալություններից ստացած համագործակցության առաջարկները:

«Ի սկզբանե միգուցե եւ հոբբիի նման բան էր: Բայց անկեղծ ասեմ` եթե ինչ-որ հայկական եկեղեցի էի տեսնում` ուղղակի եկեղեցի էր ինձ համար, իսկ այս ընթացքում եկեղեցու մոտ շատ ես կանգնում, մանրամասն նայում ես, մի տեսակ արդեն ավելի ես սիրահարվում` այդ նախշերը տեսնելով»,-ասաց Սեւադա Ղազարյանը:

Այս պահի դրությամբ կայքում կա 9 վիրտուալ շրջայցի հնարավորություն` Կեչառիս վանական համալիրը, Եղվարդի Սուրբ Աստվածածնի եկեղեցին եւ այլն:
XS
SM
MD
LG