Մատչելիության հղումներ

Ամալյա Նազարեթյանը դուրս է գրվել հոգեբուժարանից


78-ամյա կինը եւ նրա հարազատները խուսափում են լրագրողների եւ իրավապաշտպանների հետ շփվելուց:

Մոտ մեկ ամիս Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկվող 78-ամյա Ամալյա Նազարեթյանը հունիսի 7-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դրանից երկու օր առաջ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` կինը հիվանդ է եւ կարիք ունի հիվանդանոցային բուժման: Նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ, որն էլ նման եզրահանգման էր եկել:

Սակայն արդեն երկուշաբթի օրը, երբ «Ազատություն» ռադիոկայանը փորձում էր Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանից պարզել` ի՞նչ պատահեց այդ երկու օրերի ընթացքում, որ որոշումը վերանայվեց, վերջինս ասաց. - «Էդ հարցերը վերջացել է, գնացել է էդ կինը, հերիք է էլի»:

«Եթե անհրաժեշտ բուժման կարիք կար, ինչո՞ւ են երկու օր հետո բաց թողնում», - այս հարցին Սամվել Թորոսյանը պատասխանեց. - «Նրան մեկ շաբաթ առաջ է որովհետեւ դիտվել, ես եմ նայել տիկին Ամալյային, որոշակի տեղաշարժ կա իր առողջականի մեջ, մեկ շաբաթ հետո ես եմ նայել` առանց որեւէ հանձնաժողովի, գրեցի իմ առաջարկը, որ ներկայիս իրավիճակով նա կարող է իր բուժումները շարունակել տան պայմաններում: Դուրս գրվեց, տիկին Ամալյան դուրսգրումից առաջ գնացել է խնդրել է, որպեսզի իրեն արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերեն` դա իրեն ոչ ոք չի պարտադրել»:

Ըստ բժշկի` տիկին Ամալյայի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ, որը կոչվում է ներհիվանդանոցային լավացում, սակայն Թորոսյանը չի բացառում, որ յուրաքանչյուր սադրանքի դեպքում վիճակը կարող է սրվել:

«Իր մոտ կար կոնկրետ զառանցանք կոնկրետ մարդկանց նկատմամբ: Իր հետ զրուցել ենք, եւ նա եկավ այն հետեւության, որ, իրոք, ինքը պետք չի դրանց հետ շփվի», - փոխանցեց Հայաստանի գլխավոր հոգեբույժը:

Այցելեցինք տիկին Ամալյայի բնակարանը, սակայն դուռը բացող չեղավ: Հարեւաններն ու ազգականներն էլ արդեն երեկ խուսափում էին մեկնաբանություններ անել:

Ի դեպ, գործով հետաքրքրվող Հելսինկյան ասոցիացիայի տնօրեն Միքայել Դանիելյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ամալյայի քույրը` Գայանեն այլեւս խուսափում է պատասխանել իրենց զանգերին:

Այդուհանդերձ, հարեւանուհիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ տեսել է, թե ինչպես է քրոջ` Գայանեի ուղեկցությամբ Ամալյան եկել տուն, սակայն հիմա խուսափում է որեւիցե մեկի հետ շփվել: «Կարող է այ հիմա տունն է, վախենում է: Նրանից հետո զանգ տվեցի, ասացի` «Ամալյա ջան, ո՞նց ես», ասաց` «ոչինչ, լավ եմ»: Էդքան բան», - ասաց տիկին Նվարդը` շարունակելով. - «Ես էլ կուզեմ, որ լավ լինի, էտենց նորմալ մարդուն էտենց աննորմալ չսարքեն»:

Հիշեցնենք, որ այս պատմությունը սոցիալական ցանցերում հուզել էր շատ մարդկանց: Նույնիսկ հատուկ խումբ էր ստեղծվել ի պաշտպանություն տիկնոջ, մի քանի բողոքի ակցիաներ իրականացվեցին:

Ակտիվիստներից է նաեւ Շողակաթ Վարդանյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսքանով իրենց բողոքը չի ավարտվելու: Շատ լավ է, որ տիկին Ամալյան արդեն դուրս է գրվել հոգեբուժարանից, այնուամեայնիվ, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արածների համար, ասաց նա` ավելացնելով. - «Թող իրենք պատրաստ լինեն, հատկապես «Կոմիտաս» սրճարանն ու «Իդեալ» համակարգը, որ իրենց վարկանիշը մենք ահավոր գցելու ենք: Էդ կնոջը պետք է ամեն ձեւ օգնենք, որ իր վիճակը կարգավորվի, ու ինքը այդպես չխուսափի մարդկանցից»:

Շողակաթը հիշեց նաեւ տիկին Ամայլայի այն խոսքերը, որ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո վաճառելու է բնակարանն ու լքի Հայաստանը: «Պետք է ամեն ինչ անենք, որ ինքը չլքի Հայաստանը: Դա համակարգին շատ ուժեղ հարված կլինի», - հայտարարեց ակտիվիստը:

Տիկին Ամալյայի հետ տեղի ունեցածը հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ առողջ մարդուն կարող էին փակել հոբեբուժարանում` պայմանավորվելով դատավորի, ոստիկանության հետ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, խորհրդային շրջանի այլախոհ գործիչ Վարդան Հարությունյանը: Այս պատմության ընթացքին Հարությունյանը հետեւել է ու եկել այն եզրահանգման, թե «ակնհայտ է, որ մենք շարունակում ենք ապրել սովետական իրականության մեջ, ակնհայտ է, որ կամայական մոտացումներով որեւէ օլիգարխ, որեւէ հարուստ, որեւէ իշխանավոր կարող է պատվիրել ցանկացած մեկիս հոգեբուժարան տեղափոխումը»:

«Իսկ դրան ի՞նչ լուծում կարելի է, ի վերջո, տալ», - այս հարցին իրավապաշտպանը արձագանքեց. - «Միայն եւ միայն հասարակական հնչեղություն` ուրիշ ճանապարհ չկա: Եթե չլիներ հասարակական հնչեղությունը, տիկինը մինչեւ հիմա՛ կարող էր լինել հոգեբուժարանում: Ինֆորմացիայի դարում ենք ապրում, եւ դա կոծկել, թաքցնել հնարավոր չի: Սովետական տարիներին մարդկանց տանում էին, տարիներով պահում էին, ոչ ոք ոչինչ չէր իմանում` նույնիսկ հարեւանները, իսկ հիմա ամեն ինչ հնարավոր է իմանալ»:

«Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ասում եք, որ ինքը վախենում է, կամ իր հարազատները, շփվել լրագրողների հետ, իրավապաշտպանների հետ, դուռը չեն բացում` դա շատ բացատրելի է, որովհետեւ նրանք ապրել են այնպիսի սթրես, այնպիսի իրավիճակում են եղել, որ նրանք իրավունք ունեն ե՛ւ վախենալու, ե՛ւ զգուշանալու», - ընդգծեց Վարդան Հարությունյանը:
XS
SM
MD
LG