Մատչելիության հղումներ

Հունիսի 11-ի մամուլ


«Ժամանակ»-ը, «Տարոնի երկրորդ գահակալումը» վերնագրված խմբագրականում անդրադառնալով Երեւանի քաղաքապետի այսօր կայանալիք երդմնակալությանը, գրում է. - «Ընդհանուր առմամբ, երդմնակալության հանդեպ քաղաքական ուժերի վերաբերմունքը տարօրինակ է: Նրանք մասնակցեցին ընտրություններին, լեգիտիմացրեցին Տարոն Մարգարյանի խայտառակ ընտրությունները որպես քաղաքական երեւույթ, իսկ հիմա կրկին սկսել են ձեւեր թափելու գործընթացը, թե ընտրությունները կեղծված են եղել եւ իրենք կեղծ ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձող Մարգարյանի երդմնակալությանը չեն գնա: Իրականում այս վերաբերմունքը հերթական անգամ ցույց է տալիս այն ծաղրուծանակը, որին հասարակությանը ենթարկում են քաղաքական ուժերը: Այսպիսով, Տարոն Մարգարյանի երդմնակալությունը հասարակության դեմ ծաղրի շարունակությունն է լինելու, որ սկսվել է դեռեւս նրա քաղաքապետությամբ, երբ Երեւանն ուղղակի գավառական ցոփությամբ պճնելով հանդերձ` այս քաղաքապետը սկսեց ուղղակի ծաղրել երեւանցիներին»:

«168 ժամ»-ը համոզված է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնանկությամբ վերջինիս ազդեցությունը Սյունիքի մարզում ամենեւին էլ չի նվազելու, այլ շարունակվելու է փոխմարզպետ, ներկայումս մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցի միջոցով. - «Առաջին հայացքից կարելի է կարծել, թե Սյունիքում Սուրեն Խաչատրյանի իշխանության ժամանակաշրջանն ավարտվում է, քանի որ նա զրկվում է մարզպետի պաշտոնից: Բայց դա միայն արտաքին, երեւութական ընկալման արդյունք է: Սուրեն Խաչատրյանը շարունակելու է ղեկավարել Սյունիքի մարզը, սակայն այսուհետ Արա Դոլունցի դեմքով: Սյունեցիները պնդում են, որ Դուլունցը Խաչատրյանի դրածոն է, եւ չի կարող նրանից անկախ գործունեություն ծավալել: Ովքեր ծանոթ են Սյունիքին եւ այնտեղ տիրող մթնոլորտին, համոզված են, որ եթե իշխանությունն իսկապես ցանկություն ունենար վերջ դնելու Սուրեն Խաչատրյանի իշխանությանը, ապա մարզպետի պաշտոնին պետք է նշանակեր մի մարդու, ով որեւէ կախվածություն չունի Սուրեն Խաչատրյանից եւ կկարողանար իրեն դրսեւորել որպես ինքնուրույն գործիչ: Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ փոխել Սուրեն Խաչատրյանին: Արդյոք խնդիրը միայն այն է, որ նա իշխանության համար ընտրություններ է կեղծել եւ իշխանությունը երախտապարտ է դրա համար եւ պետք է փոխհատուցի դրա դիմաց` աչք փակելով նրա գործած ցանկացած հանցանքի վրա: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է: Սուրեն Խաչատրյանը իր 20-ամյա գործունեության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել Գորիսի եւ հարակից տարածքների տնտեսության առավել եկամտաբեր ոլորտները: Այդ սեփականության շնորհիվ է նաեւ, որ ձեւավորվել է նրա ազդեցությունը Սյունիքի մարզում: Հունիսի 6-ին Սուրեն Խաչատրյանը հանձնել է իր պաշտոնը, բայց ոչ սեփականությունը, այսինքն նա պահպանել է իր իրական ազդեցությունը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի 2-2.5 տոկոս հավելյալ գնաճի: Իհարկե, Ջավադյանը մի փոքր համեստություն է արել, հավելյալ գնաճը սպասվում է ավելի մեծ, բայց եթե նույնիսկ Ջավադյանի համեստ կանխատեսումն իրականանա, ապա դա շատ մեծ թիվ է: Խնդիրն այն է, որ այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ պաշտոնական գնաճը կազմել է 5.2 տոկոս: Այսինքն կյանքը այս տարվա մայիսին 5.2 տկոսով ավելի թանկ է եղել, քան անցած տարվա մայիսին, երբ դա այն դեպքում երբ գազն ու էլեկտրաէներգիան դեռ չէին թանկացել: Հիմա եթե իրականան ԿԲ-ի նախագահի համեստ կանխատեսումները, ապա գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագների կիրառումից հետո հուլիսի 7-ից եղած գնաճի վրա կավելանա եւս 2.-2.5 տոկոս, եւ գնաճի ցուցանիշը կհասնի 8 տոկոսի: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ է նշանակում 8 տոկոսանոց գնաճը, ապա համեմատություն ներկայացնենք ոչ վաղ անցյալից: 2009 թվականին, երբ մարտի 3-ին փլուզվեց դրամի փոխարժեքը եւ մեկ դոլարի գինը մեկ օրվա մեջ 305 դրամից բարձրացավ մինչեւ 370-380 դրամի, սպառողական շուկայում շեշտակի թանկացումներ արձանագրվեցին: Դա էականորեն նվազեցրեց Հայաստանի բնակչության կենսամակարդակը, բայց Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրեց միայն 3-4 տոկոս գնաճ: Եվ ուրեմն ի՞նչ կլինի, եթե նույն այդ վիճակագրական ծառայությունը արձանագրի 8 տոկոսանոց գնաճ»:

Նկարագրելով Վրաստանի հետ սահմանային անցակետում տիրող վիճակը, որտեղ Հայաստանից մեկնողները, թերթի պատկերավորմամբ, «քոչները կապած, մեր ու մանուկ վերցրած փախչում են երկրից», «Հրապարակ»-ը նախ մեջբերում է վրացի սահմանապահներից մեկի հետեւյալ հարցը` «ի՞նչ է` Հայաստանում պատերազմ է սկսվել, որ հայերն այսպես գլխակորույս փախուստի են դիմում», ապա հակադարձում. - «Պատերազմը հայերի հոգիներում է, որտեղ չկա խաղաղվածության, ապահովության, թերեւս նաեւ հայրենիքի զգացում: Հայի հոգու փոթորիկն ո՞վ է հանգցնելու: Ո՞վ է մեզ տալու այն հոգեկան անդորրն ու հողին կարոտելու այն դարավոր ավանդույթը, որը մարդուն մարդ է պահում եւ պահում է իր հայրենիքում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG