Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի հաստատեց գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի նոր` ավելի բարձր սակագները:

Գազի սակագինը, ինչպես եւ Հայաստանում մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար 1 խորանարդ մետրը կկազմի 156 դրամ: Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի նոր` 290 դոլար սակագինը կգործի հուլիսի 10-ից։

Խմելու ջրի եւ ջրահեռացման նոր սակագինը բնակիչների համար կմնա նույն 100 դրամը, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ։

Էլեկտրական էներգիայի նոր սակագինը հասցվեց 38 դրամի` ցերեկային ժամերի համար, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամի` համապատասխանաբար 25 եւ 15 դրամ սակագների փոխարեն:

Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում մի քանի հիդրոէլեկտրակայաններ կառուցվելուն զուգահեռ կառավարությունը վստահեցնում էր, որ Ղարաբաղը ոչ միայն կդառնա էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ երկիր, այլ նաեւ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները թույլ կտան արտահանել, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Ղարաբաղում զսպել էեկտրաէներեգիայի սակագների բարձրացումը:

Ինչպես տեղեկացրեց Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, կառավարությունը խոստացել է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սակայն թե որքան ժամանակով եւ ինչի հաշվին հայտնի չէ:

«Մենք ստիպված ենք ժամանակ առ ժամանակ վերանայել սակագները, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ էլեկտրամատակարարում, անխափան էլեկտրասնուցում, դրանք պահանջում են որոշակի ծախսեր, որը «Արցախ էներգոն» ուզի, թե չուզի պետք է անի: Մենք չենք կարող տարիներ շարունակ սակագին չվերանայել` հաշվի առնելով, որ էներգակիրները գնալով թանկանում են», - մանրամասնեց Մնացականյանը` հավելելով. - «Պետությունը դեռ սուբսիդավորելու է այդ տարբերությունը բնակչության համար: Ժամկետը հավանաբար կառավարությունը իր որոշման մեջ կնշի»:

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստը սովորականի պես հանդարտ չանցավ: Նիստին ներկա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին զայրացրեց այն, թե ինչպե՞ս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հինգ անդամները միաբերան կողմ էին քվեարկում նոր սակագների հաստատման մասին որոշումներին, որտե՞ղ է զգացվում այս պետական մարմնի` սպառողների իրավունքների պաշտպանության առաքելությունը եւ ինչո՞ւ հաշվի չի առնվում բնակչության վճարողունակության աստիճանը:

Մինչ պետական մարմինը սակագների բարձրացման որոշումները որակում է որպես «ոսկե միջին», ղարաբաղցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դրանք ծայրահեղ անարդար էին համարում:
XS
SM
MD
LG