Մատչելիության հղումներ

logo-print

Գորիսյան փոխհրաձգությունից վիրավորվածները ապաքինվում են


Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից

Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից

Այցելե՞լ է արդյոք զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր նախագահի նստավայր, քննարկվե՞լ են արդյոք զինդատախազության հսկողությամբ շարունակվող Գորիսի դեպքերի գործով նախաքննության հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանին հանձնարարականներ տվե՞լ է եւ եթե այո, ապա ի՞նչ հանձնարարականներ: Այս բովանդակությամբ գրավոր հարցադրումներ այսօր ուղղեցինք Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին՝ խնդրելով հերքել կամ հաստատել տարածված լուրերը, ըստ որոնց` զինդատախազն այսօր այցելել է Հայաստանի նախագահի նստավայր:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ըստ էության, չի հերքել այս լուրեը: Պատասխան գրության մեջ նշել է, թե Սերժ Սարգսյանը ունենում է տարբեր ձեւաչափերով բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ: Ըստ մամուլի քարտուղարի գրավոր պատասխանի, «դրանցից հրապարակայինների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում է»:

Ի դեպ, զինդատախազի` նախագահական այցելության վերաբերյալ լուրերի շրջանառությունից ժամեր անց զինվորական դատախազի ընդունարանից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանի մոտ 30 հոգու մասնակցությամբ խորհրդակցություն է ընթանում:

Այսօր փորձեցինք պարզել, թե ինչ վիճակում են Գորիսում` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին հնչած կրակոցներից վիրավոր, զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հրամանատար Արամ Ասատուրյանը փոխանցեց, որ 42-ամյա Արտակ Բուդաղյանի վիճակը դեռ ծանր կայուն է:

«Մենք իրեն երեկ նորից վիրահատել ենք, գիտակցությունը տեղն է», - ասաց Ասատուրյանը:

Զինվորական հոսպիտալի հրամանատարն ասաց` քննչական մարմինները դեռ նրան չեն հարցաքննել, Բուդաղյանը զրույց է ունեցել զինդատախազի հետ` մոտ 5-10 րոպե տեւողությամբ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ եւ օգնական, 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանի գնահատմամբ, Նիկոլայ Աբրահամյանի վիճակը կայուն է:

«Դեռ անելիքներ ունենք, լուրջ միջամտությունների հարց այս պահին չկա, բայց ընթացիկ խնդիրներ դեռ կան», - ասաց Ռոստոմյանը` հավելելով, որ Աբրահամյանը հավանաբար եւս տասը օր կանցկացնի հիվանդանոցում:

Հիշեցնենք, Արտակ Բուդաղյանը եւ Նիկոլայ Աբրահամյանը նախ Գորիսի հիվանդանոց, ապա Երեւան էին տեղափոխվել հրազենային վիրավորումներով: Հունիսի 1-ին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար, 43-ամյա Ավետիք Բուդաղյանը, ով 3 տարի առաջ իր թեկնածությունն էր առաջադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը վայելող թեկնածուի դեմ:
XS
SM
MD
LG