Մատչելիության հղումներ

Պուտինին սատարող քաղաքական ուժի հավաք Մոսկվայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստ է վարում, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստ է վարում, արխիվ

«Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» տեսանելի ապագայում իրավական կարգավիճակ կունենա։

Այս տարվա ապրիլին Ռոստովում ելույթ ունենալով Համառուսաստանյան Ժողովրդական ճակատի կոնֆերանսում, Վլադիմիր Պուտինն ասել է, որ այն ունի մեծ առաքելություն` «դառնալ հարթակ, որտեղ կհանդիպեն եւ առանցքային հարցերի շուրջ քննարկումների ընթացքում համաձայնության կհասնեն տարբեր հայացքների եւ տարբեր մոտեցումների տեր մարդիկ»։ Ռոստովում էլ Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է հունիսին անցկացնել Ժողճակատի հիմնադիր համագումար։

Եվ ահա Դաշնության տարբեր շրջանները ներկայացնող Ժողճակատի մոտ մեկեւկես հազար ներկայացուցիչներ այսօր կհավաքվեն Մոսկվայում։ Ժողճակատի կազմկոմիտեի անդամ Միխայիլ Ստարշինովը «Կոմերսանտ» պարբերականի թղթակցին ասել է, որ նրանցից 500-ը կդառնան շարժման հիմնադիրներ։

500-ի թվում են երկրում ճանաչում ունեցող մարդիկ` բանվորներ, բժիշկներ, ուսուցիչներ, դերասաններ։ Հիմնադիրների առանցքային խմբում Պուտինի վստահված անձինք են, Ժողճակատին միացած կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ, կլինեն նաեւ միանալու ցանկություն հայտնած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ` «Եդինայա Ռոսիա»-ից, «Ռոդինա»-ից, «Ռուսաստանի հայրենասերներ»-ից, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից։

Հիմնադիր համագումարը կստեղծի շարժման կենտրոնական շտաբ եւ կընդունի ծրագրային փաստաթղթեր։ Ենթադրվում է, որ կառույցի անունը կերկարի` դառնալով «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ հանուն Ռուսաստանի»։

Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ ապագայում Ժողճակատը կփոխարինի «Եդինայա Ռոսիա»-ին որպես իշխող կուսակցություն։ Դա շատ կարեւոր է, քանի որ, ըստ «Լեւադա» կենտրոնի ապրիլին անցկացրած հարցախույզի արդյունքների, ռուսաստանցիների միայն 24 տոկոսն է պատրաստ քվեարկել «Եդինայա Ռոսիա»-ի օգտին։

Դանդաղել է նաեւ «Եդինայա Ռոսիա»-ին նոր կուսակիցների անդամակցման ընթացքը` եթե 2007 թվականին ամսական 40 հազար մարդ է անդամակցել կուսակցությանը, ապա, ինչպես գլխավոր խորհրդի քարտուղար Սերգեյ Նեւերովն է հայտնել, «անցած մեկեւկես տարում 80 հազար մարդ է անդամակցել»։

Վերլուծաբանների փոխանցմամբ` կուսակցության ստեղծումն այս պահին հրատապ չէ, մինչեւ Դումայի հաջորդ ընտրությունները կա ժամանակ, իսկ տեղական ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն դեռ լուծում է Պուտինի թիմի համար անհրաժեշտ հարցերը։

Այնպես որ, Ժողճակատը կուսակցության վերածելու ծրագիրը Պուտինին պետք կգա 2017 թվականի նախընտրական արշավի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG