Մատչելիության հղումներ

Եթե նախկինում աղջիկները ռազմական մասնագիտությունների գծով կրթություն ստանալու հնարավորություն չունեին, ապա 2013-2014 ուսումնական տարում ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված աղջիկները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ կան մասնագիտություններ, որոնք աղջիկների կողմից ավելի արդյունավետ են իրականացվում:

«Այս տարի որոշվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ Արմենակ Խամփերանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում որոշակի մասնագիտություների գծով թույլ տալ ընդունելություն: Դրանք են` կապը, հակաօդային պաշտպանությունը, օդուժը, հետախուզությունը եւ այլն: Իհարկե, ոչ բոլոր մարտական ստորաբաժանումներում կարող են աղջիկները ծառայել, բայց այդ սահմանափակումները, հավատացեք, շատ փոքր են լինելու», - նշեց Հովհաննիսյանը:

Դիմորդները պետք է ունենան միասնական քննությունների վկայական «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաներից: Աղջիկների ու տղաների ուսումնական ընթացքը կազմակերպվելու է առանձին: Իգական սեռի ներկայացուցիչները սովորելու են այն օրակարգով, ինչ օրակարգով կազմակերպվում է ոչ ռազմական ուսումնական հաստատություններում ամենօրյա ուսուցումը:

«Նրանք երեկոյան ազատ են լինելու, չնայած լինելու են համապատասխան դաշտային ելքեր, չնայած լինելու են ինչ-որ ծառայողական իրավիճակներ իրենց համար, բայց հիմնականում ազատ են լինելու», - ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշում է, որ ծրագիրը դեռ մշակվում է, եւ որոշ հարցեր դեռ քննարկման փուլում են: Բոլոր մանրամասները պարզ կլինեն հուլիսի 1-ից հետո, երբ ավարտվեն դիմումների ընդունումը:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում ուսանողներին ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Նրանք նշանակվելու են համապատասխան հրամանատարական եւ կազմակերպչական այս կամ այն ստորաբաժանումների հրամանատարներ, ղեկավարներ եւ ունենալու են ծառայողական առաջընթաց, ծառայողական աճ, ինչպես բոլոր զինծառայողները` տղամարդկանց հետ հավասար: Ասել է, թե շանսեր ունենք առաջիկայում կին գեներալ տեսնելու: Մենք այսօր ունենք գնդապետ կանայք Զինված ուժերում, ինչը արդեն տալիս է մեզ այդ իրավունքը խոսելու, որ եթե մենք նաեւ թույլ տանք իգական սեռի` պրոֆեսիոնալ կրթությամբ սպաների ներգրավվածությունը, չի բացառվում նաեւ կին գեներալ ունենալը, իսկ ինչով ենք դա պնդում, այստեղ երկու կարեւոր հարց կա. նախ իրավական կողմը, որ իրենց թույլատրվելու է գրեթե բոլոր ստորաբաժանումներում ծառայել, եւ երկրորդը, որ շատ աղջիկներ շատ ավելի նվիրյալ են, շատ ավելի աշխատասեր, ձգտող»:

Պաշտպանության նախարարության խոսնակը ասում է` կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում կօգնի կոտրել առկա կարծրատիպերը:

«Ուժը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է մտավոր ներուժը: Մենք այստեղ աղջիկների ներգրավածությամբ պետք է կոտրենք այն կարծրատիպը, որ զինվորականը միայն կոպիտ, կոշտ ուժի դրսեւորորման մասնագիտություն է: Այդպիսի բան չկա, եւ տարեցտարի զինվորականի համար շատ ավելի կարեւոր է դառնում մտքի ուժը` բազկի ուժի հետ հավասար, եւ հոգու զորությունը: Մենք բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման, հոգեւոր արժեքների դաստիարակության, նորմերի առումով, մեծ սպասումներ ունենք, որ աղջիկների ներգրավածությունը կնպաստի ընդհանուր մթնոլորտի ձեւավորմանը, ավելի քաղաքակիրթ, ավելի բարեկիրթ, ավելի նորմալ, հարգալից շփումների առումով», - ասաց նա:

Իսկ թե ինչ կարծիք ունեն աղջիկները ռազմաուսումնական հաստատություններում սովորելու եւ հետո արդեն հայկական բանակի սպայական կազմում ընդգրկվելու շուրջ, պարզեցինք հարցումների միջոցով: Հարցվածների մեծ մասը դեմ չէր, նշում էր, որ կարեւոր է, որպեսզի աղջիկն էլ պաշտպանվել ու պաշտպանել իմանա:

Եթե աղջիկները դեմ չէին, ապա տղաների շրջանում, գոնե մեր հարցման շրջանակներում, որոշմանը համախոհներ չգտնվեցին. նրանք նշում էին, որ աղջիկը պետք է ընտանիքը պահպանի, իսկ իրենք սահմանները կպահեն:
XS
SM
MD
LG