Մատչելիության հղումներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, թե կառուցապատողը ցանկացել է բազմաբնակարան շենք կառուցել Փակ շուկայի տեղում եւ իրենք կանխել են դա` ապամոնտաժելով շինությունը, տարակուսանք է առաջացրել ճարտարապետների շրջանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց Արսեն Կարապետյանը, շուկայի շուրջ դարձյալ անհասկանալի եւ օդի մեջ ասված, փուչ գործընթաց է սկսվել:

«Առաջինը չի ապամոնտաժվել, այլ ապամոնտաժվել է մեկ-երկու սյուն: Երկրորդը` ապամոնտաժելու գործընթացը ինքը անհասկանալի է, որովհետեւ կարծես թե «Սիրուն չէ-2» օպերացիան ենք տեսնում, այսինքն ինչպես պուրակում արվեց` չկա կոնկրետ որոշում, թե ինչն են ապամոնտաժում, ինչու են ապամոնտաժում, ով է պատասխանատու, ինչ միջոցներով են այդ աշխատանքները իրականանալու», - ասում է ճարտարապետը:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` շինարարությունն իրականացնողին նախ նախազգուշացվել է սեփական ուժերով խախտումը վերացնել, այնուհետեւ միայն ապամոնտաժվել են բետոնե հենասյուները:

Շուկայի սեփականատեր հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել հարցերին` ինչո՞ւ էր մեկ տարուց ավելի թաքցնում, թե բազմահարկ շինություն կառուցելու մտադրություն ունի: Ընդ որում, ճարտարապետ Արսեն Կարապետյանը շեշտում էր, որ կառույցը այսօր էլ դեռ տեղում է:

«Հիմա դրանք բնակարաններ կլինեն, թե գրասենյակներ, կամ ինչ-որ ուրիշ բան, դա էական չէ: Հարցն այն է, որ հուշարձանի տարածքում կառուցվել է մի կառույց` ոտից գլուխ անօրինական: Այսօր ասել, թե կառուցապատողը ցանկություն ուներ եւ մենք թույլ չենք տվել, դա զավեշտ է: Քաղաքաշինության նախարարը գնաց, նայեց, կառուցված շենքի վրա, ասաց` ես ոչ մի բան չեմ տեսնում… իրենք համառորեն աչք են փակում», - շեշտում է Կարապետյանը:

Շուկայի շենքի փրկության համար պայքարող ակտիվիստներից Սեդրակ Բաղդասարյանը զարմացած չէ, որ Սամվել Ալեքսանյանը որոշել էր մեծ շենք կառուցել: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահը նման նախորդ օրինակներով կանխատեսում էր այս սցենարը:

«Կառուցապատողը միայն եւ միայն Երեւան քաղաքին եւ նրա մշակութային հուշարձաններին նայում է եկամուտ ստանալու աչքերով: Մի՞թե քաղաքապետարանը այս մի տարվա մեջ չգիտեր ինչ էր այդտեղ կառուցում: Իհարկե, գիտեր: Եթե մի հասարակ քաղաքացի իր հողամասում ուզենա մի բան կառուցել, ի՞նչ կանեն այդ քաղաքացու հետ: Ինչո՞ւ ենք այդքան գումար ծախսում հարկատուների հաշվին եւ պահում ենք մշակույթի նախարարությունը, որը չկարողացավ պաշտպանել մեր հուշարձանները», - ասաց Բաղդասարյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հիշեցրեց, որ շենքի ներսում էլ ամբողջությամբ աղճատվել է ճարտարապետական դիմագիծը, ուստի կառուցապատողի` բազմահարկ շենքը կառուցել ցանկությունը ընդամենը ամենաթողության շարունակությունն է:

«Նրա ինտերիերը նույնպես հավասարազոր է իր արտաքին բովանդակությանը, եւ մեր եզակի կառույցներից է: Այդ բոլոր աշխատանքները Փակ շուկայի հետ կատարվում են առանց հաստատված նախագծի, եւ նույնն էլ դրսում է արվում իր ցանկություններով, ուրեմն ընդհանարապես որեւիցե բան մեր օրենքներով չի պահպանվում», - Մինասյանը:

Մկրտիչը Մինասյանը պնդում է, որ շենքի ներսում կառուցվածը նույնպես պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի, մինչդեռ ճարտարապետ Արսեն Կարապետյանի մասնագիտական գնահատականով` արդեն ավերվել է Փակ շուկայի 2/3-րդը, եւ կարելի է ասել, որ հուշարձանը կորցրել ենք:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախորդ շաբաթ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իրավապահ մարմիններին` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Փակ շուկան կառուցապատողին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը դեռ չի լրացել, ու հայտնի չէ` կհարուցվի արդյոք քրեական գործ: Պատգամավորը, սակայն, ուղղակի կապ է տեսնում Տարոն Մարգարյանի վերջին հայտարարության եւ իր դիմումի միջեւ:

«Նրա հայտարարությունը, եթե իրականությանը համապատասխանում է, որ կար մտադրություն բազմահարկ շենք կառուցելու, եւ ինքը տեղյակ է, ապա ինքը պետք է նախաձեռնի այդ շենքի քանդումը, եթե` ոչ, ապա նրա նկատմամբ եւս պետք է ձեռնամուխ լինեին քրեական գործի հարուցմանը եւ հետապնդում սկսեին: Հավանաբար դրանից է կաշկանդվում», - ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը պնդում է` բոլոր դեպքերում քրեական գործը պետք է հարուցվի, հանցակազմը կա` շենքը վնասվել է, փաստ է, որ կամարները տեղում չեն:
XS
SM
MD
LG