Մատչելիության հղումներ

Էրդողանը կոչ է անում աջակիցներին «դաս տալ ցուցարարներին» առաջիկա ընտրություններում


Թուրքիա - Ցուցարարները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, 8-ը հունիսի, 2013թ.
Թուրքիա - Ցուցարարները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, 8-ը հունիսի, 2013թ.

Թուրքիայում հակակառավարական բողոքի ալիքը չի մարում՝ համախմբելով անգամ երբեմնի կատաղի հակառակորդներին:

Արդեն տասներորդ օրն է՝ Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում, հանուն իշխանափոխության Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բարիկադների նույն կողմում են կանգնում անգամ նրանք, ովքեր դեռեւս շաբաթներ առաջ կատաղի հակառակորդներ էին համարվում:
Ամենախոսուն օրինակը Թուրքիայի երեք ամենահայտնի ֆուտբոլային ակումբների՝ «Գալաթասարայ»-ի, «Ֆեներբախչե»-ի եւ «Բեշիքթաշ»-ի երկրպագուներն են, ովքեր տասնամյակների պատմություն ունեցող թշնամանքից հետո հիմա համախմբվել են՝ Էրդողանի քաղաքականության դեմ պայքարելու համար:


«Մեր համոզմամբ, Թուրքիան բռնապետական երկիր է, որտեղ իրավունքները եւ ազատությունները ոտնահարվում են: Հենց դա է պատճառը, որ հանուն մեր ապագայի, հանուն ավելի ազատ երկիր ունենալու գաղափարի, մենք մի կողմ ենք դրել թիմային տարաձայնությունները եւ այսօր փորձում ենք համատեղ ինչ-որ հաջողության հասնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Բեշիքթաշ»-ի երկրպագուներից մեկը՝ 24-ամյա Սայիդ Բուրակը:

Թուրք վերլուծաբանների պնդմամբ, ֆուտբոլային երկրպագուների այս համախմբումը լուրջ մտահոգության առիթ է իշխանությունների համար, քանի որ բոլորը գիտեն՝ ֆուտբոլասերները առավել ակտիվ են, վճռական եւ բավական փորձ ունեն՝ ոստիկանների հետ բախումներում: Երկրպագուներից մեկը, օրինակ, օրեր առաջ արեւմտյան լրատվամիջոցների հետ զրույցում խոստովանել էր, թե իրավապահների արցունքաբեր գազն իրենց համար «օծանելիքի» պես մի բան է դարձել: «Մենք բազմիցս ենք մեր մաշկի վրա զգացել ոստիկանների բիրտ ուժը, հենց այդ պատճառով որոշեցինք միավորվել՝ դրա դեմ պայքարելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Գալաթասարայ»-ի երկրպագու Ամիկ Քեմալը՝ ընդգծելով, որ հպարտ է իրենց այս միասնությամբ:

Տեղում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղից եւ մայիսի 31-ին սկսվեց բողոքի այս ալիքը, այսօր կարելի է հանդիպել նախկինում միմյանց հետ տարաձայնություններ ունեցող, հակընդդեմ գաղափարներ ու տեսակետներ պաշտպանող այլ խմբերի եւս, որոնք միավորվել են՝ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Չնայած այդ համախմբմանը՝ վարչապետ Էրդողանը փոխզիջման գնալու որեւէ ակնարկ չի անում, ավելին, երկրում դեռեւս մեծ վարկանիշ ունեցող վարչապետը սպառնում է փողոց դուրս բերել միլիոնավոր աջակիցներին եւ ցույց տալ իր ուժը ողջ աշխարհին:

«Իմ շատ սիրելի եղբայրներ, մենք միասին գնում ենք դեպի ավելի լավ Թուրքիա, թույլ մի տվեք, որ նրանք, ովքեր փորձում են բաժանարար գծեր տանել մեր միջեւ, հասնեն իրենց նպատակին», - կիրակի հայտարարեց Էրդողանը Ադանայում, որտեղ կողմնակիցները նրան ողջունեցին լեփ-լեցուն հրապարակում: Հաղորդվում է, որ առաջիկա օրերին Էրդողանը կողմնակիցների հետ նմանատիպ հանդիպումներ կանցկացնի նաեւ Ստամբուլում, Անկարայում եւ Թուրքիայի մյուս խոշորագույն քաղաքներում:

«2014 թվականի մարտին մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված, դրանց մնացել է ընդամենը մի քանի ամիս, եւ ես կուզենայի, որ այդ ընտրություններում դուք մի լավ դաս տայիք այս ցույցերի մասնակիցներին», - Ադանայում հայտարարեց էրդողանը՝ կրկին պնդելով, որ իր դեմ դուրս եկած ցուցարարները բարբարոսներ են ու անարխիստներ: «Նրանք այնքան ստոր մարդիկ են, որ անգամ վիրավորում են իրենց երկրի վարչապետին», - հայտարարեց նա՝ ընդգծելով, որ լինելով իշխանության ղեկին, ամեն ինչ արել է Թուրքիայի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար:

Երեկ երեկոյան Ռեջեփ Էրդողանը նաեւ հանդիպում է անցկացրել իր կուսակցության ղեկավար կազմի հետ, որի ավարտին կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիկը բացառել է, թե պաշտոնական Անկարան կարող է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG