Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով պարգեւատրեց Մոնսերատ Կաբալիեին


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

«Նախագահը ողջունեց համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշեց, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին եւ շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով», - ասված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը անցանկալի անձ (persona non grata) է հռչակել Մոնսերատ Կաբալիեին` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Այսօրվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգեւատրել է Հայաստանի պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով եւ համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը եւ ունի երկրպագուների հսկայական բանակ:

Մոնսերատ Կաբալիեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության եւ սիրո տրված պարգեւը: Նա մեծագույն ակնածանքով եւ սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության եւ մշակույթի մասին: «Խաղաղության եւ սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք եւ ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ», - ասել է երգչուհին:

Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից եւ վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG