Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կոչ է անում չշտապել գնահատականներ տալիս


Հանրապետական կուսակցության ղեկավարությունը համագումարի ժամանակ, արխիվ

Հանրապետական կուսակցության ղեկավարությունը համագումարի ժամանակ, արխիվ

«Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը դատարան չէ», - հայտարարում է իշխող կուսակցության խոսնակը:

Սյունիքի նոր մարզպետ նշանակելու կամ վերանշանակելու հարց չի քննարկվել իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի ուրբաթ երեկոյան տեղի ունեցած նիստի ժամանակ, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Թեկնածուների անուն չենք քննարկել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը, որն ընդունել է այն, իսկ Հայաստանի նախագահն էլ վավերացրել է:

Շարմազանովը եւս մեկ անգամ նշեց, որ խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, եւ անկախ պաշտոնից, դիրքից, բարեկամական կապերից` յուրաքանչյուր մեղավոր պետք է օրենքի խստությամբ պատժվի:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել Հանրապետականի խոսնակից, թե ինչպե՞ս է նա վերաբերվում է ընդդիմության ներկայացուցչի` Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն գնահատականին, թե զինվորական դատախազի հայտարարությունից հետո «հասկանում ենք, որ լուրջ քողարկման գործընթաց է սկսվել»: Հանրապետականի խոսնակն ասաց. - «Ես առհասարակ համամիտ չեմ առանց փաստերի կարծիքներ հայտնելուն: Եթե ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը, սովորական քաղաքացիները, ես եւ դուք ունենք փաստեր, ապա այդ փաստերը պետք է ներկայացնենք համապատասխան իրավապահ մարմիններին: Այլ ճանապարհ քաղաքակիրթ աշխարհը չի հորինել»:

Էդուարդ Շարմազանովն ավելացրեց, որ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, եւ այստեղ քաղաքական կուսակցությունները անելիք չունեն:

«Մենք չպետք է շտապենք գնահատականներ տալուց: Այն, որ Սյունիքում, Գորիսում տեղի է ունեցել շատ ցավալի դեպք, դատապարտելի դեպք, որին, ի դեպ, առաջիններից մեկը խիստ արձագանքել եմ ես` որպես կուսակցության խոսնակ, սա փաստ է: Եվ այն, որ ուժով, զոռբայությամբ, բիլակով, հաստավզությամբ հարցեր լուծելը պետք է մերժելի լինեն` սա էլի փաստ է: Բայց այստեղ անելիք ունենք բոլորս: Եվ խնդրում եմ յուրաքանչյուրիս, որպեսզի որեւէ մեկը իրավապահ մարմինների, դատավորի ֆունկցիա իր վրա չվերցնի», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

«Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը դատարան չէ, որպեսզի մեղադրի եւ արդարացնի», - ընդգծեց Շարմազանովը:

Նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, տարածաշրջանային հարցեր:

Անդրադարձ եղավ նաեւ Մինսկում մայիսի 31-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը, որից հետո, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դմիտրի Մեդվեդեւը ասել է, թե Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի ձգտումը Մաքսային միությանը ինտեգրվելու հարցում: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանն էլ ասել է, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը «հստակ է եւ ոչ մի կասկած չկա». - «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով եւ ինչ քայլերով առաջ ընթանալ»:

Հարցին, թե հակասություն չի՞ տեսնում վարչապետի ասածի մեջ, երբ, մի կողմից, կարեւորվում է Մաքսային միությանը ինտեգրվելը, մյուս կողմից` եվրոպական տարածաշրջանում եվրաինտեգրվելը, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց. - «Բնականաբար, հակասություններ չկան: Կարծում եմ, որ ոչ թե պետք է գնալ «կա՛մ-կա՛մ»-ի ճանապարհով, այլ պետք է գնալ «ե՛ւ-ե՛ւ»-ի ճանապարհով, եւ մենք կարծում ենք, որ հաջողությամբ մենք իրականացնում ենք ինտեգրումը թե՛ եվրոպական կառույցներին, թե՛ եվրոպական տարածաշրջանում, թե՛ եվրասիական տարածաշրջանում, եւ այդ ամենը անում ենք միայն ու միայն մեր պետական շահերից ելնելով»:

Ի դեպ, ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքի մոտ հերթական անգամ հավաքվել ու իրենց բողոքն էի բարձրաձայնում Հանրապետության 33-ի բնակիչները, ովքեր արդեն 7 տարի պետական գերակա շահի զոհ են եւ չեն կարողանում պետությունից ստանալ իրենց բնակարանները, ապրում են վարձակալած բնակարաններում, ավելին` այս ամիս էլ չեն ստացել վարձավճարը:

Բնակիչները դուրս եկան փողոց եւ փակեցին ճանապարհը:

«7 տարի է` մայթերին սպասում ենք, արդեն մայթերին սպասելը իմաստ չունի, արդեն պիտի փողոցում կանգնենք` մեջտեղում, որ նկատեն, ո՞վ է լսում, ո՞վ է տեսնում», - ասաց նրանցից մի կին մայթին սպասելու` ոստիկանության կապիտանի խնդրանքին ի պատասխան:

«Հերիք է արդեն իսկականից, ապահով Հայաստան եք ուզում, տվեք մեր տները, ինչքան կարելի է մարդկանց խաբել», - ասաց մի ուրիշ կին:

Հանրապետականի շենքից դուրս եկող պատգամավորների ուշադրություն էին փորձում գրավել այս մարդիկ, սակայն նրանց մոտեցան միայն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով, սակայն, ասաց, թե խնդրին տեղյակ չէ, եւ Էդուարդ Շարմազանովը: Ազգային ժողովի փոխնախագահն էլ հանգստացրեց բորբոքված քաղաքացիներին` խոստանալով երկուշաբթի օրը հանդիպել նրանցից երկուսին: «Հարցի լուծում տվողը ես չեմ, չէ՞: Ես` որպես պատգամավոր, որպես մարդ, պատրաստ եմ ձեզ լսել», - ասաց Շարմազանովը:
XS
SM
MD
LG