Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Անպատժելիության մթնոլորտը մոտենում է մինիմումի»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը լրագրողների հետ, Տավուշի մարզ, 7-ը հունիսի, 2013թ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը լրագրողների հետ, Տավուշի մարզ, 7-ը հունիսի, 2013թ.

Ըստ պաշտպանության նախարարի` Գորիսի դեպքը «տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում` պահի ընթացքում ծագած»:

Անպատժելիության մթնոլորտը «կամաց-կամաց մոտենում է մինիմումի»: Այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի օրերս Գորիսում` Սյունիքի այլեւս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպին, դրան հաջորդած զարգացումներին եւ լրատվամիջոցներում, սոցցանցերում չդադարող այն հրապարակումներին, թե անպատժելիության մթնոլորտը Հայաստանում ամրապնդվում է:

Լրագրողների հետ պաշտպանության նախարարը հանդիպեց ուրբաթ օրը Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանամերձ շրջաններ ու դիրքեր այցելելուց հետո:

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Վիրավորվեց նաեւ Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը:

Գործի նախաքննությունն անցավ զինվորական դատախազությանը: Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվել են Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), 112-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը)։

«Կարծում եմ, որ վերջին տարիների ընթացքում հետեւողական աշխատանք է կատարվում, նաեւ` իրավապահ մարմինների կողմից, հանրապետության նախագահի խիստ ցուցումների արդյունքում, եւ անպատժելիության մթնոլորտը կամաց-կամաց մոտենում է մինիմումի», - հայտարարեց Սեյրան Օհանյանը` շարունակելով. - «Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք այդպիսի դեպքեր, ցանկացած միջադեպ այդպիսի դատապարտում ենք, մանավանդ` զենքի կիրառմամբ: Եվ անպատժելիության մթոլորտ գտնում եմ, որ չկա, համապատասխան քրեական գործ է հարուցված, ընդ որում` այդ ամենը գտնվում է Զինված ուժերի քննչական ծառայության վարույթում, եւ քննչական պետի անմիջական վերահսկողության ներքո է իրականացվում, եւ համապատասխան ելք կստանա»:

Հայտնի է, որ հինգշաբթի օրը Օհանյանը այցելել էր Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալ եւ տեսակցել գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատմել Բուդաղյանը միջադեպի վերաբերյալ:

«Այցելությունները անմիջական մոտը լինելը չէ, որ մեզ հնարավորություն է տալիս վերահսկելու, վերլուծելու ցանկացած իրավիճակ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու: Արտակ Բուդաղյանի վիճակը այսօր գնահատում եմ միջին ծանրության, արդեն կայուն է: Ես իր հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, որովհետեւ վիրավոր վիճակում է գտնվում: Այսօր համապատասխան պատկան մարմինները, իրավապահ մարմինները զբաղվում են», - պատասխանեց պաշտպանության նախարարը:

«Ես` որպես անձ, եւ մենք` Զինված ուժերի ղեկավարությունը, դատապարտում ենք ցանկացած միջանձնային այդպիսի ելքով դեպքեր», - շարունակեց Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը` ընդգծելով. - «Մենք այնքան սպառնալիքներ եւ այնքան մարտահրավերներ ունենք դրսից, մեզ հայտնի, մեզ նաեւ ոչ լավը ցանկացող հարեւան պետությունների կողմից, որ ներսում մենք պետք է մշտապես ձգտենք միասնական լինել, եւ այդպիսի վեճերը պետք է ավարտվեն խոսքով: Գտնում եմ, որ այս դեպքը տեղի է ունեցել հենց միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում` պահի ընթացքում ծագած, եւ չեմ կարծում, թե այս դեպքը նրա արդյունք է, որ զինվորական ծառայողի կամ զինվորականի կեցվածքի անկում կամ զինվորական համազգեստի անկում գոյություն ունի»:

Լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկությունը, թե միջադեպին նախորդած խնջույքի ժամանակ, որին ներկա են եղել Սուրիկ Խաչատրյանը, Բուդաղյան եղբայրները եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վիճաբանություն է ծագել Խաչատրյանի եւ Բուդաղյանների միջեւ, որի ժամանակ Խաչատրյանը հայհոյել է Բուդաղյանների մոր հասցեին, իսկ Ավետիք Բուդաղյանն էլ ապտակել է Սուրիկ Խաչատրյանին: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը, օրինակ, հերքել է այս տեղեկությունը:

Ասուլիսին Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ իրենց սոցիալական վիճակից արդեն շուրջ մեկ ամիս բողոքող ազատամարտիկների հարցին` տեղեկացնելով, որ հարցը քննարկվել է երկրի նախագահի մոտ, ինչի արդյունքում «ցուցում է տրվել այդ ուղղությամբ աշխատանք կատարել»:

«Մենք ստիպված ենք այս ռազմաքաղաքական իրավիճակում սահմանափակ ռեսուրսներով արդյունավետ միջոցներ ստեղծելու քաղաքականությունը շարունակել», - անդրադառնալով հայկական Զինված ուժերի սպառազինման հարցին` հայտարարեց պաշտպանության նախարարը:

Ինչպես հայտնի է, վերջին մի քանի տարիներին Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հեռահար ու գերճշգրիտ զինատեսակներով, հրթիռներով, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է: Վերջերս էլ պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները հաստատեցին տեղեկությունը այն մասին, որ Հայաստան են բերվել «Իսկանդեր-М» տեսակի հարվածային հրթիռային մի քանի համալիրներ, որոնց հեռահարությունը ավելի քան 400 կիլոմետր է եւ որոնք համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներից:

«Փոքր ուժերով մեծ խնդիրների կատարելու սկզբունքը մեր այսօրվա ուսումնական եւ նյութատեխնիկական ապահովման գործընթացի հիմքում է լինելու: Այս պարագայում մենք, իհարկե, մտածում ենք ճշգրիտ հեռահար միջոցների ունենալու, հետագայում նաեւ ձեռք բերելու, նրանց սարքին վիճակում պահելու, կարգավորելու, ժամանակակից արդիականացված ղեկավարման, ավտոմատ կառավարման, կապի միջոցներով այն համալրելու շրջանակներում, որպեսզի նրանք միշտ լինեն մարտունակ եւ մենք կարողանանք նաեւ դա հակադրել այն միջոցներին, որոնք որ ունեն մեր հարեւանները», - ասաց Սեյրան Օհանյանը:

Միջազգային խաղաղապահ առաքելությունների մասով նախարարը տեղեկացրեց, որ Աֆղանստանում ու Կոսովոյում իրականացվող առաքելությունները շարունակական են լինելու: Բանակցություններ են ընթանում Լիբանան հայկական խաղաղապահ զորախումբ ուղարկելու շուրջ, որը պետք է գործի իտալական խաղաղապահ զորամիավորման կազմում: Բացի այդ, պաշտոնական Երեւանը հավանություն է տվել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին զորամիավորումներ հատկացնելուն, եւ հնարավոր է, որ հայ խաղաղապահները մեկնեն նաեւ Հյուսիսային Աֆրիկա:
XS
SM
MD
LG