Մատչելիության հղումներ

Փաստաբան. անհրաժեշտ է պարզել տեսանյութի հրապարակման շարժառիթը


Երեկ «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակվեց «ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութը:

«Ա1պլյուս»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նպատակահարմար չհամարեց բացահայտել տեսանյութի աղբյուրը, ասաց՝ տեսանյութում մեկնաբանություններ են ավելացրել՝ օգտվելով Սյունիքի մարզպետարանի կայքում ավելի վաղ հրապարակված տեքստից:

Օրերս Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր. - «Ժամը 22։16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլեւս չի երեւում տեսապատկերներում»:

Այս գործում չներգրավված փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատություն» ռադիոկյաանի հետ զրույցում նշեց, որ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության գործով նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել հրապարակված տեսանյութը լրատվամիջոցին է հասել մոնտաժվա՞ծ, թե ամբողջական տարբերակով: Ըստ փաստաբանի, անհրաժեշտ է նաեւ պարզել տեսանյութի հրապարակման շարժառիթը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիսկա մականունով հայտնի Սուրեն Խաչատրյանի՝ տվյալ միջադեպի հետ առնչություն չունենալու հանգամանքը բազմիցս շեշտվել է, այդ հանգամանքը պետք է քննության առնվի», - մեկնաբանեց Շուշանյանը։

Իր հերթին Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, քրեադատավարագետ Հրայր Ղուկասյանը նշեց, որ եթե «Ա1պլյուս»-ի կայքում տեղադրվածը կներկայացվի նախաքննության մարմնին որպես լրացուցիչ ապացույց, ապա այն կարող է հետազոտվել։

«Զուտ իրավական կարգավորումների առումով ապացույց է այն, ինչ նախաքննության մարմինն իր համար ձեռք է բերել», - նշեց Ղուկասյանը։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ գնահատեց նախաքննական մարմնի գործունեությունը` նշելով, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն նախաքննական մարմինը հանդես է գալիս հայտարարություններով՝ կապված դեպքի վայրի, Սուրիկ Խաչատրյանի ներկա լինել-չլինելու եւ այլ հանգամանքների հետ: Նպատակը, ըստ պատգամավորի՝ «հասարակական կարծիքը ձեւավորել այնպես, ինչպես ձեռնտու է ինչ-որ մարդկանց: Տվյալ դեպքում այդ անձը, այդ մարդը հենց Սուրեն Խաչատրյանն է»։
XS
SM
MD
LG