Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստացավ օգնել. ազատամարտիկները կդադարեցնեն նստացույցը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներից մի քանիսին։

Հանդիպումից հետո ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը պատմեց, որ Տիգրան Սարգսյանը շուրջ երկու ժամ լսել է իրենց։ Ազատամարտիկի տպավորությամբ, վարչապետը ցանկություն ունի օգնելու։

«Մենք հասկանում ենք՝ այլ բան է ցանկություն ունենալը, այլ բան է՝ հարցերի լուծում տալը», - հավելեց վետերանը, - «Հիմա սպասենք. ասել է մի ամիս հետո կհանդիպենք, կներկայացնենք ինչ հնարավորություններ կա աջակցելու»։

Մինչ այդ ազատամարտիկները դադարեցնում են նստացույցը, իսկ հունիսի 16-ին հավաք կանցկացնեն Ազատության հրապարակում։

Բողոքի ակցիաներին մասնակցող ազատամարտիկներից բոլորը չեն, որ հույսեր են կապում գործադիրի հետ, մտավախություն հայտնելով, թե փորձ է արվում հարցը ձգձգելով այնպես անել, որ դժգոհության ալիքը մարի։

Վարչապետի հետ հանդիպման մասին կառավարության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց եւս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ։

Այսօրվա հանդիպմանը մասնակցել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ղարաբաղյան պատերազմի տասնյակ մասնակիցները, հիշեցնենք, արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաներով պահանջում են բարձրացնել կենսաթոշակները մինչեւ 200 հազար դրամ, ինչպես նաեւ իրենց հատուկ կարգավիճակ տալ, մասնավորապես՝ ազատամարտիկների մասին օրենք ընդունել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG