Մատչելիության հղումներ

«Ենի Ազերբայջան» կուսակցությունն այսօր Իլհամ Ալիեւին պաշտոնապես առաջադրել է նախագահի թեկնածու եւ ընտրել կուսակցության առաջնորդ։

Կուսակցության չորս փոխնախագահներից մեկը առաջին տիկինն է` Մեհրիբան Ալիեւան։

Իլհամ Ալիեւը երրորդ անգամ է առաջադրվելու երկրի ղեկավար։ 2009 թվականին Ադրբեջանի խորհրդարանը` Միլի Մեջլիսը, լրամշակել է Սահմանադրությունը եւ չեղյալ հայտարարել նախագահի պաշտոնում միայն երկու ժամկետ աշխատելու մասին սահմանափակումը։

Կրտսեր Ալիեւ 2003 թվականից է նախագահում, նա փոխարինել է հորը` Հեյդար Ալիեւին, որ արդեն վատառողջ վիճակում, մահանալուց ամիսներ առաջ, որդուն վարչապետ էր նշանակել։ Հեյդար Ալիեւը վախճանվել է 2003-ի դեկտեմբերին։

Ադրբեջանի իրավապաշտպանները, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները` «Հյուման Ռայթս Ուոթչ»-ը, «Էմնեսթի Ինթերնեյշնլ»-ը, «Ֆրիդոմ Հաուս»ը, «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ կառույցներ, նախագահ Իլհամ Ալիեւին ամենամյա զեկույցներում մշտապես քննադատում են մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար։

Իրավապաշտպանները նշում են, որ Ալիեւի վարչակարգը սահմանափակում է խոսքի եւ ազատ հավաքների ազատությունը, բանտ է ներտում լրագրողներին, առցանց ակտիվիստներին, ընդհանրապես հալածում է անհամաձայնություն դրսեւորողներին, երկրում Հեյդար Ալիեւի պաշտամունքի մթնոլորտ է ստեղծում եւ, իհարկե, կեղծում է բոլոր տեղական եւ համապետական ընտրությունները։

Ալիեւին նաեւ մեղադրում են Ադրբեջանի բնական պաշարների արդյունահանումն իր գերդաստանի եւ հավատարիմ զինակիցների շահերին ծառայեցնելու, երկրի քաղաքական-տնտեսական կյանքի կարգավորումը խնամիության սկզբունքներով իրականացնելու համար։

Բաքվում գտնվող «Բուտա» պալատում Իլհամ Ալիեն այսօր միաձայն է վերընտրվել «Ենի Ազերբայջանի» նախագահ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ կուսակցության անդամների թիվը հասնում է 600 հազարի։

«Թրենդ» գործակալությամբ մեջբերմամբ` համագումարի իր ելույթում Իլհամ Ալիեւը «պատմել է կուսակցության անցած ուղու, նվաճումների, կուսակցության հիմնադիր, մեծ քաղաքական գործիչ Հեյդար Ալիեւի գործունեության մասին»։

Համագումարի ավարտին Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահ վերընտրվելու եւ պետության նախագահ առաջադրվելու համար, ու հավաստիացրել է, որ կարդարացնի «Ենի Ազերբայջանի» վստահությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG