Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ


Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշ, արխիվ
Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը երեկ Ռիգայում ընդունել է Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Լատվիայի նախագահը բարձր է գնահատել հայ - լատվիական գործակցության ներկա մակարդակը, երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունները, անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, նաեւ համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Այս համատեքստում Բերզինշը կարեւորել է կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Լատվիայի նախագահը ընդգծել է, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, եւ առաջարկել է իր երկրի աջակցությունն ու փորձը այս հարցում:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ կարեւորություն են տալիս Բալթյան երկրների եւ, մասնավորապես, Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին:

Ազգային ժողովի նախագահի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Եվրամիության անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ գործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար, եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ու Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար:

Աբրահամյանը կարեւորել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը` նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը:

Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի նախագահը նույնպես կարեւորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը Մինսկի խմբի ձեւաչափում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG