Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը այցելել է բրիտանական դեսպանատուն


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին:

Նախագահը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զարգացնելու, եւ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացել է: Կայացած վերջին բարձրաստիճան այցելություններից Սերժ Սարգսյանը առանձնացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերի եւ օրերս տեղի ունեցած արքայազն Չարլզի այցելությունը, ում մասնակցությունը եւ հովանավորությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին, նախագահի հավաստմամբ, հայ ժողովրդի կողմից գնահատվում է ոչ միայն սոսկ որպես բարեգործական ակցիա, այլեւ որպես արքայական ընտանիքի վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, եւ հայ ժողովուրդը բարձր է գնահատում այդպիսի վերաբերմունքը:

Ջոնաթան Ջեյմս Էյվզը նշել է, որ լիովին համաձայն է երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականին, եւ կարեւորել է քաղաքական հարաբերություններին զուգահեռ տնտեսական գործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ քաղաքական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել տնտեսական արդյունավետ գործակցության հիմքի վրա, եւ այդ համատեքստում քննարկել են հայ - բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG