Մատչելիության հղումներ

Հունիսի 7-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրի պատկերավորմամբ` Հայաստանում ձեւավորված ներկա արժեքային համակարգի տրամաբանությամբ, Սյունիքի նախկին մարզպետը գործել է «թասիբի ու ճշտի» դիրքերից. - «Եթե մի կողմ դնենք մարզպետ լինելու հանգամանքը եւ տվյալ անձնավորության նախկին քաջագործությունները, եկեք խոստովանենք՝ արդյոք այս բացատրությունը ընդունելի չէ՞ Հայաստանի բնակչության մեծ մասի համար: Կրիմինալ, օլիգարխիկ եւ «պաշտոնական» միասնական աշխարհում ընդունված այս նորմերը արդյոք չե՞ն մտել մեր հասարակության ընդհանուր պատկերացումների շրջանակի մեջ: Ում ձեռքին դանակ է՝ մորթում է, ում ձեռքին ինքնաձիգ՝ կրակում է: Բա ինչպե՞ս կարող են նրանք ճշտի դեմ գնալ: Քանի որ հենց այդպիսի տղերքը ոչ միայն մարզպետ են, այլեւ պատգամավոր, օլիգարխ եւ հեղինակություն, այսինքն՝ հասել են կյանքի բաղձալի բարձունքներին, շատ բնական է, որ դեռահասներից, երիտասարդներից շատերը կողմնորոշվում են կյանքի այդ ստանդարտներով եւ արժեքային այդ համակարգով: Նրանց միջավայրի խոսակցության գլխավոր թեման է՝ ով քանի մեքենա, առանձնատուն եւ թիկնապահ ունի: Նրանց ծնողների թեման էլ է նույնը՝ սրանք է՛ս ունեն, է՛ն ունեն, իսկ խեղճ ժողովուրդը…»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթն անդրադառնում է Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին. - «Որպես Ադրբեջանում «տնտեսական ականների» գոյության ապացույց վկայաբերվեց հետեւյալ իրողությունը. «Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները»: Սրանից կարելի է եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ադրբեջանին սպասող նավթային հիվանդությունը ուղղակիորեն հարվածելու է ոչ միայն նրա պետական բյուջեին, այլեւ երկրի ներքաղաքական կայունությանը։ Ի դեպ, նման նախանշաններ նկատվում են արդեն այսօր, քանզի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ ադրբեջանական ընդդիմությունը միավորվում է՝ պատրաստվելով ճակատամարտ տալ Ալիեւների կլանին։ Նույն հեռանկարի շուրջ քաղաքական ահազանգի պատկերավոր արտահայտություն է դարձել վերջերս Ստամբուլի ցուցարարների բարձրացրած բազմանշանակ կարգախոսը՝ «Ալիե՛ւ, հաջորդը քո հերթն է»։ Ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հեռանկարից զատ Ադրբեջանը կանգնել է նաեւ ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցության վերելքի ու ազատագրական շարժումների ակտիվացման փաստի առաջ, ինչը նկատվում է ե՛ւ լեզգիների, ե՛ւ ավարների, ե՛ւ թալիշների շրջանում»։

Նույն թեման շոշափվում է նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում. - «Հանկարծ Սերժ Սարգսյանը սկսեց խոսել այն մասին, որ Ադրբեջանը շատ ախմախ երկիր է ու մի 3-4 տարի հետո ֆիասկո է ապրելու, որովհետեւ այդ հիմարներն անբախ-զամբախ փողեր են ծախսում ու չգիտեն, որ 3-4 տարի հետո տարածաշրջանում պատկերը փոխվելու է: Լավ է, իհարկե, որ այդ հիմարներն իրենց փողերը ծախսում են այնպես, «ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները», բայց սա ասում է այն նույն Սերժ Սարգսյանը, որի կառավարությունը կարկուտից տուժած գյուղացիների համար հատկացրել է 80 մլն դրամ, իսկ երկու չաշխատող զուգարանների համար` 127 մլն դրամ: Սա ասում է այն երկրի ղեկավարը, որի նախագահության հինգ տարիների ընթացքում երկրի բնակչությունը նվազել է մոտ 350 հազարով, բայց որի մայրաքաղաքի բորդյուրները թարմացնելու համար բյուջեից 3-4 միլիարդ դրամ է հատկացվում: Եվ սա` այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով, բնակչության 35 տոկոսն աղքատ է»:

Գնահատելով ավիացիայի ոլորտն ազատականացնելու` Կառավարության մտադրությունը` «Ժամանակ»-ը բխեցնում է. - «Այսինքն` հայկական քաղավիացիայում այլեւս լինելու է մրցակցություն, չի լինելու պետական հովանավորությամբ կամ առավել եւս մոնոպոլիայով օժտված որեւէ ընկերություն: Բաց երկնքի քաղաքականությունը, ըստ էության, Արեւմուտքի պահանջն է Հայաստանին: Ընդհանուր առմամբ, տարօրինակ եւ աբսուրդային էր այն իրավիճակը, որ օդային դարպասների բացառիկ նշանակության պայմաններում՝ նկատի ունենալով աշխարհի հետ Հայաստանի ցամաքային հաղորդակցության սահմանափակումները, երկրում ավիացիայի ոլորտը մոնոպոլացված էր եւ ըստ էության, փաստորեն, զրկված արագ զարգացման հնարավորությունից: Իսկ այս ամենի արդյունքն էլ Հայաստան օդային ուղեւորափոխադրումների բարձր գներն էին… Այս իրավիճակի «թագն ու պսակը» կարելի է համարել արտոնյալ ընկերության, ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սնանկացումը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի քաղավիացիայի իրական զարգացման եւ տոմսերի գների թանկ լինելու հաշվին օգտվել են ինչ-որ մարդիկ, իսկ ընկերությունը սնանկացել: Եվ ահա այս ամենին կարծես թե վերջ է տրվում, եւ վերջ է տրվում ակնհայտորեն Արեւմուտքի ճնշմամբ: Սակայն պարզ չէ, թե ինչ է գալու այս ամենին փոխարինելու»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG