Մատչելիության հղումներ

logo-print

Չեխիայի հավաքականից պարտություն կրելուց հետո Հայաստանի հավաքականի շուրջ իրավիճակը լարված էր: Նախ խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ որոշ ֆուտբոլիստներ խաղում են, ոչ թե հավաքականի, այլ իրենց անձնական հաջողության համար, մի քանի անհաջող խաղերից հետո էլ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, ինչը Ֆուտբոլի ֆեդերացիան չընդունեց, եւ Մինասյանին վերականգնեց մարզչի պաշտոնում:

«Ազատություն» ռադիոկայանը Վարդան Մինասյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչն էր հրաժարականի պատճառը:

«Դա իմ անձնական որոշումն էր, երեք խաղ թիմը անընդմեջ պարտվում էր, դա է եղել պատճառը, ուրիշ պատճառ չկար», - պատասխանեց Մինասյանը:

Չեխիայի հավաքականից պարտություն կրելուց հետո մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Մինասյանի այն հայտարարությունը, թե ինքը ֆուտբոլիստների առջև աշխարհի խաղերին մասնակցելու խնդիր չէր դրել,և, որ միակ խնդիրը լավ խաղ ցուցադրելն էր:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞րն է այս խաղում և ընդհանրապես հավաքականի խնդիրը, ազգային հավաքականի մարզիչը պատասխանեց, որ հավաքականի առջև դրված խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է:

Մինասյանը ասաց, որ առաջիկա խաղերում հավաքականի մարտավարությունը տարբերվելու է նախկին խաղերից: Ըստ նրա` Մալթան հեշտ մրցակից չէ, և անելու են առավելագույնը հաղթելու համար: Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք մյուս խաղերին, ապա հավաքականի գլխավոր մարզչի խոսքով պետք է առաջիկա 6 խաղերում հաղթեն, որ դուրս գան ընտրական փուլից: Մինասյանը անդրադարձավ նաև հավաքականի ներսում ֆուտբոլիստների հարաբերություններին և Մխիթարյանի հայտարարությանը: Ըստ նրա լրատվամիջոցները Մխիթարյանի հայտարարությունը ճոխացրել են, իսկ ինքը հավաքականի ներսում լարված մթնոլորտ չի նկատել:

Վաղվա խաղում Հայաստանի հավաքականի մրցակից Մալթայի ազգային հավաքականը Երևան է ժամանել երեկ: Թիմը արդեն հասցրել է երկու մարզում անցկացնել:

Այսօր կայացած մամլո ասուլիսում Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինը հայտարարեց, որ չնայած Մալթան ընտրական խմբում վերջին տեղում է, բայց Երևան են եկել ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես հավաքական, որը պայքարելու է միայն հաղթանակի համար:

«Մենք ամբողջ կազմով լրջորեն պատրաստվում ենք այս խաղին, Իտալիայի հետ խաղից հետո Մալթայի հավաքականը սկսել է փոքր ինչ ավելի լավ խաղալ, բայց Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ, ձեր հավաքականի ֆուտբոլիստները բոլորը երիտասարդ են և շատ լավ են խաղում»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Հայաստանի հավաքականի կոնկրետ որ ֆուտբոլիստին են առավել ուշադրություն դարձնելու, Գեդինը ասաց, որ բոլորն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, և իր թիմը խաղի ընթացքում ուշադրություն է դարձնելու բոլոր ֆուտբոլիստներին: Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչը խոստովանեց, որ իր կարծիքով Հայաստանի հավաքականը ընտրական խմբում ուժեղագույն հավաքականներից մեկն է, և առաջիկայում լավ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում, Հայաստանը խմբից դուրս գալու շանսեր ունի:

Մալթայի ֆուտբոլի առաջնության հաղթող թիմի և ազգային հավաքականի դարպասապահ Ջասթին Հաբերն էլ ասաց, որ փորձելու է ցույց տալ իր լավագույն խաղը, և ավելացրեց, որ այդպես են պատրաստվում խաղալ նաև Մալթայի մյուս ֆուտբոլիստները:

2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում վաղը ժամը 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG