Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը Հանրապետականի քաղաքական գնահատականն էր հունիսի 1-ի երեկոյան Գորիսում տեղի ունեցած արյունալի դեպքերին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Սուրիկ Խաչատրյանը այսօր առավոտյան` արյունալի դեպքերից հինգ օր անց է ներկայացրել պաշտոնից ազատվելու դիմումը: Կառավարությունը իր հերթական նիստում դրան հավանություն է տվել:

«Կառավարությունը կարող էր չընդունել դիմումը: Եթե հիշում եք, մենք ունենք նախադեպեր, երբ տարբեր համայնքապետեր կամ տարբեր պաշտոնյաներ դիմում են ներկայացնում, բայց կառավարությունը չի ընդունում աշխատանքից հեռանալու դիմումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ընդունել է այդ դիմումը, նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը եւ քաղաքական իշխանությունը գտնում է, որ այդ դիմումի մեջ տեղ գտած ազատման պատճառները օբյեկտիվ են», - ասաց Շարմազանովը:

Հարցին, եթե արդեն նախկին մարզպետի դիմումը չլիներ, հնարավո՞ր է, որ կառավարությունը սեփական նախաձեռնությամբ Խաչատրյանին ազատեր զբաղեցրած պաշտոնից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Փաստը հետեւյալն է` Սուրիկ Խաչատրյանը դիմում է գրել, կառավարությունը ընդունել է: Կուսակցության եւ Սուրիկ Խաչատրյանի մոտեցումները այս հարցում համընկել են»:

Այսօր նախատեսված Հանրապետականի գործադիր մարմնի նիստը վաղը կկայանա: Այդ ընթացքում Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի ողբերգության անդրադարձ կլինի՞. Շարմազանովն ասում է` իրենք իրենց դատավորի գործառույթ չեն վերապահի, դա ժողովրդավարությանը դեմ է:

«Քանի դեռ խնդիրը նախաքննության փուլում է, չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն, այդ թվում` Հանրապետական կուսակցությունը պետք է ճնշում գործադրի դատական մարմինների վրա, որովհետեւ դա ժողովրդավարության հետ կապ չունի: Բնականաբար, Հայաստանի հանրապետական կուսակցության համար մերժելի եւ դատապարտելի է բռունցքներով, զոռբայությամբ, զենքով, զինամթերքով, արյամբ խնդիրների լուծումը: Եվ պահանջելու ենք նաեւ իրավապահ մարմիններից, որպեսզի քննությունը լինի անաչառ եւ բոլոր մեղավորները պատժվեն», - ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ իրավապահ մարմինները կարծես որոշակիորեն ստանձնել են Սուրիկ Խաչատրյանի պաշտպանության հարցը, ի՞նչ տեսակետ ունի այս հարցի վերաբերյալ Հանրապետականի ղեկավարը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Մենք` որպես քաղաքական կուսակցություն պետք է այնպես անենք եւ պահանջենք, որպեսզի իրավապահ մարմինները անաչառ քննություն իրականացնեն եւ բոլոր մեղավորները պատժվեն: Առ այս պահը, ես որեւէ, այսպես ասած, կասկածելի տարր իրավապահ մարմինների գործունեության մեջ չեմ նկատել: Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն փաստեր, կասկածներ, կարող են դիմել իրավապահ մարմիններին: Օգնած կլինեն իրավապահներին` ավելի ամբողջական քննություն իրականացնելու համար»:
XS
SM
MD
LG