Մատչելիության հղումներ

logo-print

Ժնեում նա մրցանակ է ստացել իրավապաշտպան առաքելության համար։

Ռուսաստանցի անվանի ընդդիմադիր քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը որոշել է հետաձգել իր վերադարձը Ռուսաստան։

Նախօրեին Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում նա ասել է, թե կասկած ունի, որ եթե վերադառնա Ռուսաստան, ապա կզրկվի հետագայում արտասահման մեկնելու հնարավորությունից։

«Մինչեւ փետրվար ես հաճախ արտասահմանյան ուղեւորություններ եմ կատարել, հիմա կարծում եմ, որ ինձ կարող են ներքաշել այս շարունակվող հետաքննությունների մեջ, որոնց թիրախը քաղաքական գործիչներ են», - ասել է Կասպարովը։

Նրա մայրը` Կլարա Կասպարովան ասել է, որ որդու որոշումը ժամանակավոր է։

«Գարին իսկապես շատ զբաղված է մինչեւ սեպտեմբեր, իսկ թե հետո ինչ կլինի` կտեսնենք, միայն թե պետք չէ լարել իրավիճակը», - ասել է տիկին Կասպարովան։

Ժնեում` Hotel des Bergues հյուրանոցում, որտեղ 1920 թվականին գումարվել է Ազգերի լիգայի առաջին նիստը, UN Watch իրավապաշտպան կազմակերպության 20-ամյակի առիթով Կասպարովին շնորհել են մրցանակ։

Քաղաքական ընդդիմադիր գործիչն այն վաստակել է «Ռուսաստանում հանուն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության խաղաղ եւ երկարատեւ առաքելություն կատարելու համար»։

«Կասպարովն աշխարհի ոչ միայն ամենախելացի, այլեւ ամենախիզախ մարդկանցից է», - ասել է UN Watch կազմակերպության գործադիր տնօրեն Հիլլել Նոյերը։

Ժնեւում Կասպարովը բացատրել է Ռուսաստան առաջիկայում չվերադառնալու պատճառը։

«Այս պահին ես շատ լուրջ կասկածներ ունեմ առ այն, որ եթե վերադառնամ, ապա ինձ կարգելեն դուրս մեկնել, հետեւաբար, ես ձեռնպահ եմ մնում Ռուսաստան վերադառնալուց», - ասել է Կասպարովը։

Ընդդիմադիր անվանի գրող Էդուարդ Լիմոնովը քննադատել է իր քաղաքական զինակցին, ասելով, թե որոշելով չվերադառնալ` Կասպարովը վատ օրինակ է տալիս ուրիշ ընդդիմադիրներին։

«Ցավում եմ նրա այդ չմտածված քայլի համար, չեմ կարծում, որ իշխանությունները կհամարձակվեին ձեռք բարձրացնել Կասպարովի վրա։ Նա ցույց տվեց, որ չի կարողանում հարված պահել, նա պիտանի չէ քաղաքական ասպարեզում», - ասել է Լիմոնովը։

Նրա կարծիքով, չվերադառնալու Կասպարովի որոշումը վատ ազդանշան է մեծ թվով ընդդիմադիրների համար, հիմա հնարավոր է շղթայական ռեակցիա եւ զանգվածային փախուստ արտասահման։

«Վախի համաճարակը կտարածվի», - ասել է Լիմոնովը։

Նշենք, որ վերջերս Ռուսաստանից Ֆրանսիա է մեկնել եւ չվերադառնալու մասին է ակնարկել Ռուսաստանի էկոնոմիկայի դպրոցի ռեկտոր Սերգեյ Գուրիեւը, ով համարձակվել է քննադատել Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը եւ հիմա համոզված է, որ հայրենիքում իրեն կձերբակալեն Միխայիլ Խոդորկովսկու գործի առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG