Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում


Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստին, ուր հանդես է եկել ելույթով՝ Եվրախորհրդի առջեւ ծառացած խնդիրների, Եվրախորհուրդ - ԵԱՀԿ համագործակցության, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու ջանքերում Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներից է ԵԱՀԿ-ն, եւ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մակարդակը, որն արտահայտվում է խորհրդակցությունների եւ բարձրաստիճան հանդիպումների մշտական ձեւաչափով, դրա ապացույցներից մեկն է», - ասել է, մասնավորապես, Նալբանդյանը` վստահեցնելով, որ Եվրախորհրդում Հայաստանի նախագահությունն ուշադրության կենտրոնում է պահելու ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ ուղղորդված եւ արդյունավետ համագործակցությունն առավել զարգացնելուն ուղղված քայլերը։

Ելույթ են ունեցել նաեւ Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անդորրայի, Վրաստանի, Բելառուսի, Շվեյցարիայի պատվիրակությունների ղեկավարները, որոնք շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ` իրենց երկրների աջակցությունն են հայտնել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ բարեկամ Հայաստանի հետ Ռուսաստանը զարգացնում է դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններ։ Նա նշել է, որ Ռուսաստանը կիսում է Հայաստանի հռչակած առաջնահերթությունները, եւ ողջունել է եվրոպական գործերում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը բարձրացնելու Հայաստանի նպատակը։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ամուր գործընկերություն ունեն լայն շրջանակի հարցերի շուրջ՝ խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության պահպանում, առեւտրի եւ ներդրումների խրախուսում, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդում։

Իր հերթին` ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչը, իր խոսքում շնորհավորելով Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունել է Հայաստանի որոշումը ԵԽ նախագահության ընթացքում կենտրոնանալ այնպիսի առաջնահերթությունների վրա, որոնք նաեւ ԵԱՀԿ օրակարգում են։ Նա կարեւորել է, որ Հայաստանի առաջնահերթությունների թվում է եվրոպական արժեքների առաջմղումը, Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության դեմ պայքարը եւ այդ թեմայով բարձր մակարդակի համաժողովի կազմակերպումը:

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հաջորդել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի պատվին տրված պաշտոնական ճաշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG