Մատչելիության հղումներ

10 հազար դրամով կբարձրանա նվազագույն աշխատավարձը


Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կավելանա 10 հազար դրամով եւ կկազմի 45 հազար դրամ:

Համապատասխան նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Նախագիծը գործադիրի նիստում ներկայացնող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այսքանով նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը չի փակվում. նախատեսվում է մինչեւ 2017 թվականը այն կրկնապատկել: Նախարարը, սակայն, ընդգծեց` ամեն ինչ կախված կլինի տնտեսության վիճակից:

Իսկ որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրանա 10 հազար դրամով, Կառավարությունը պետք է հայթայթի լրացուցիչ 6 միլիարդ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագծի առնչությամբ ասաց. - «Հուլիսի 1-ից մինիմալ աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրանալու է 30 տոկոսով: Սա է այս որոշման իմաստը: Եվ հունվարի 1-ից էլ մենք ծրագրում ենք, Հանրապետության նախագահի հանձնարարականով, արդեն նոր աշխատավարձերի սանդղակի կիրառում եւ շուրջ 50 միլիարդ դրամ մենք նախատեսում ենք աշխատավարձերի բարձրացման համար գումար հատկացնել»:

Ուշագրավ է, որ Կառավարության այսօրվա նիստում ոչինչ չասվեց կենսաթոշակների բարձրացման մասին: Մինչդեռ, նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի ասուլիսում Հանրապետության նախագահը հայտարարել էր, թե Կառավարույունում «լրջորեն քննարկվում է» ոչ միայն աշխատավարձերի, այլեւ կենսաթոշակների առաջիկա բարձրացման հարցը:

Ի դեպ, կառավարության այսօրվա նիստում չպարզաբանվեց նաեւ, թե որտեղից է գործադիրը վերցնելու լրացուցիչ 6 միլիարդ դրամը, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնի 10 հազար դրամով:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀԱԿ), 1993-1996 թվականներին Հայաստանի կառավարությունը գլխավորած Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, նվազագույն աշխատավարձի այս բարձրացումը գործնականում էական ազդեցություն չի ունենա Հայաստանում աշխատող մարդկանց կենսամակարդակի վրա:

«Իհարկե, սա քիչ է, եւ խնդիր չի լուծում: Մյուս կողմից էլ` բարձրացնելն ավելի լավ է, քան չբարձրացնելը: Ինքը [նվազագույն աշխատավարձի բարձրացումը] այլեւս աղքատություն չի կրճատի, որովհետեւ թանկացումներն ավելի շատ են: Բացի գազից ու էլեկտրաէներգիայից, որոնց սակագները դեռ նոր պիտի բարձրացվեն համապատասխանաբար 16 եւ 28 տոկոսով, մենք արդեն 5 ամիս առաջվա վիճակի համեմատ ունենք 4-5 տոկոս գնաճ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG